Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման հեռանկար մոտ ապագայում չկա, սակայն ընդգծել, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ նման բանակցությունների համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար։
Նախօրեին էլ Կրեմլի խոսնակը հայտնել էր, որ Ռուսաստանն ազդանշաններ է ստանում, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորմանը, երբ լուծի Պարսից ծոցում առկա խնդիրները:
Պեսկովը լրագրողներին այսօր նաև ասել է, որ Կրեմլը հետևում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության լայնածավալ վերադասավորումներին, սակայն հավելեց, որ նոր վարչապետի և պաշտպանության նախարարի նշանակումները որևէ փոփոխություն չեն բերի, եթե Կիևը պատրաստ չլինի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա էր ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Կորեցկու թեկնածությունը։ Որոշումը հաստատվել է 289 ձայնով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Զելենսկին հայտարարել էր, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։