Մատչելիության հղումներ

Ուկրաինան IMO-ին առաջարկել է ռուսական «ստվերային նավատորմը» ռազմական թիրախ ճանաչել․ FT

Ուկրաինան դիմել է Ծովագնացության միջազգային կազմակերպությանը (IMO)՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերն օրինական ռազմական թիրախներ ճանաչելու համար, հաղորդում է The Financial Times-ը։

ՄԱԿ-ի մաս կազմող IMO-ին հունիսի 26-ին համապատասխան նամակ է գրել Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։ Նամակում նշվում է, որ ռուսական լցանավերը «կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության բյուջետային եկամուտների գեներացման և նրա ռազմական ջանքերն ընդլայնելու համար»։

«Բավականին լեգիտիմ հարցեր են ծագում այն մասին, թե արդյոք նման նավերի գործունեությունը կարող է համարվել բացառապես սովորական առևտրային գործողություններ», - գրում է Ուկրաինայի փոխվարչապետը։

Կուլեբան նաև մեջբերել է տեղեկություններ այն մասին, որ 2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր ռուսական ուժերը հարձակվել են ավելի քան 200 առևտրային նավերի վրա։ Նշվում է նաև, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել 59 առևտրային նավ։

Անցյալ տարի Ուկրաինան ևս հարձակվել է պատժամիջոցների տակ գտնվող մոտ մեկ տասնյակ նավերի վրա։

The Financial Times-ը հիշեցնում է, որ հունիսի սկզբին Ռուսաստանի ներկայացուցիչները նույնպես նամակ էին գրել IMO-ին, որում Կիևին մեղադրում էին «ահաբեկչության» մեջ։ Մասնավորապես, նշվում էր այս տարվա մարտին Միջերկրական ծովում ռուսական հեղուկ բնական գազ տեղափոխող Arctic Metagaz լցանավի վրա հարձակումը։

«Ստվերային նավատորմ» եզրույթը վերաբերում է այն նավերին, որոնք բեռներ են տեղափոխում ռուսական նավահանգիստներից, սակայն երրորդ երկրների դրոշների ներքո և, որպես կանոն, թաքցնում են իրենց իրական սեփականատերերին։

Ստվերային նավատորմի հարյուրավոր նավեր ներառված են Արևմուտքի պատժամիջոցների ցուցակներում։


XS
SM
MD
LG