Մատչելիության հղումներ

Քոչարյան. Այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Վայքում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթը սկսեց արտաքին քաղաքանության ռիսկերից, պնդելով՝ այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար:

«Ես Ագնեսայից [ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. - խմբ.] իմացա, որ կաշառել եմ ռուսներին», - ասաց Քոչարյանը:

«Ռուսներն ասում են՝ «խելքներդ հավաքեք»: Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո թվում էր, թե պետք է վերանայեն։ Չես կարող երկու աթոռի վրա նստել», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով. - «Դե ձեր լոլիկը տարեք Լիտվային վաճառեք»:

«Հիմա էլ պարզվում է, որ ոչ թե իրենք են բզում, բզում ռուսներին, այլ ընդդիմությունն է մեղավոր», - ասաց Քոչարյանը:

«Դու տանում ես արտաքին քաղաքանություն, որը դեմ է քո տնտեսական շահերին: Կուրսը պետք է փոխվի: Էս մարդիկ պետք է փոխվեն, որ այս պրոբլեմներից ազատվենք», - պնդեց նախկին նախագահը:

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, մասնավորապես, պնդել էր, թե հայ-ռուսական կոնֆլիկտը հրահրում են ռուսամետ ընդդիմադիր առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Տիգրանաշենի ճակատագրին՝ Քոչարյանն այսօր հայտարարեց. - «Մենք զիջելու տեղ էլ չունենք»:

Դահլիճից հարց էր հնչել՝ հունիսի 8-ին ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ: «Չի կարող Տիգրանաշենը լինի ադրբեջանցիները», - արձագանքեց երկրորդ նախագահը:

Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. - «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի... սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG