«Եթե էս իշխանությունը մնաց, ապա էս ճանապարհով չենք հասնի Վայք», - հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Վայքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ:
Սաղաթելյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ընտրվելու դեպքում հանձնելու է Տիգրանաշենը, և դիմեց Վայքի բնակիչներին. - «Եթե Փաշինյանը գա այստեղ, հարցրեք՝ Տիգրանաշենը ի՞նչ է անելու»:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններում Վայոց ձորի մարզը գրեթե 60 տոկոսով իր ձայնը տվել էր «Քաղաքացիական պայմանագրին», ու շատ ժամանակ չանցած՝ ադրբեջանցիները «հայտնվեցին Ջերմուկում»:
Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի... սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։
Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։