Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդն այսօր էլ Ապարանում ու Թալինում էր քննադատում Փաշինյանին, թե «պառակտել է հանրությանը, միմյանց դեմ հանել մարդկանց, թուլացրել երկիրը»:
«Այս մարդը չի հասկանում, որ նախընտրական է, թե նախընտրական չէ, իշխանությանը լսում են նաև դրսում: Երբ դու խոսում ես, լեզվիդ ես տալիս Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքով է, որ Ռուսաստանում քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ինչպես նաև ՌԴ՝ ծաղիկների արտահանման սահմանափակումների հարցը:
«Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է։ Ես այդ երկիրը շատ լավ գիտեմ։ Ես տողերի արանքով կարդում եմ, թե պաշտոնյաները ինչ են ասում։ Ասում են, որ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ։ Եվ այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են այդ ծաղիկների արտահանման հետ կապված,1000-ավոր մարդկանց ուղղակի վնաս է հասցնելու։ Ես, անկեղծ ասեմ, չեմ հասկանում...լավ մտել ես քարոզարշավ, չե՞ս կարողանում լեզուդ տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես»,- իր ելույթում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդում երեկ Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է եղել, խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ղեկավարության քայլերը, եվրոպական ձգտումները որակել է «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»:
«Հիմա վաղը, մյուս օր, որ գյուղարտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն, ի՞նչ են անելու։ Հիմա էդ խեղճ ժողովուրդը, օրինակ՝ ով վարկ է վերցրել, ով ջերմոց է սարքել և այդ ջերմոցում ծաղիկ է արտադրում և արտահանում Ռուսաստան, ի՞նչ պիտի անի էդ մարդը։Դե թող ինքն էդ դեպքում պայմանավորվի, որ ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախեն»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին վստահեցնում է, թե Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունի, Ռոբերտ Քոչարյանը կարծում է՝ բանը բանից արդեն անցել է, Ռուսաստանն անցել է գործողությունների:
«Դա Ռուսաստանի քաղաքականությունը չէ։ Ամբողջ աշխարհում դա աշխատում է հենց այսպես՝ բարեկամ երկրների համար ավելի արտոնյալ ռեժիմներ են սահմանում, ոչ բարեկամ երկրների համար այլ ռեժիմներ են սահմանում։ Հիմա Ռուսաստանը ասում է հետևյալը՝ դու ուզում ես ախպերանաս մեր թշնամիների հետ, դու ի՞նչ ես ինձանից սպասում, նույն Եվրամիության քաղաքականությունը, եթե նայեք, ում ասում է՝ դուք բարեկամ եք, արտոնյալ պայմաններ է դնում, ում համարում է՝ ոչ բարեկամ սանկցիաներ է կիրառում, պատժամիջոցներ է դնում»,- ընդգծում է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ դիմեց ապարանցիներին, թե Փաշինյանին ընտրելը նշանակում է ձայնը տալ Ադրբեջանի ղեկավարին: Ըստ երկրորդ նախագահի՝ Փաշինայնին կառավարում է Ալիևը:
Փաշինյանն էլ պնդում է, թե իր հիմնական մրցակիցներն են պատերազմ հրահրում, երբ խոսում են խաղաղության պայմանագիրը վերանայելուց կամ արցախցիների վերադարձից:
Ռոբերտ Քոչարյանը հարցնում է.- «Ես քանի՞ պատերազմ եմ բերել Հայաստանի Հանրապետություն, կարո՞ղ եք ասել։ Հիմա դուք ասեք՝ Նիկոլ Փաշինյանը քանի՞ պատերազմ է բերել Հայաստանի Հանրապետություն»։
Արցախի առաջին նախագահ Քոչարյանն Արցախը վերադարձնելու նպատակ ունի՞, Քոչարյանն արձագանքում է. «Մենք խոսում ենք միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Դրանից ավել մենք չենք խոսում, մեր ծրագրային բանն է, և դա իրենց անբաժանելի իրավունքն է»։
Իսկ որքանով է դա առաջիկա տարիներին իրատեսական, Ռոբերտ Քոչարյանն ուղիղ չպատասխանեց, ընդգծեց միայն.- «Հիմա եկեք, խոսենք հետևյալի մասին՝ դու խնդիրը ֆիքսում ես ու անջատում ես այդ հարցը՝ այս պահին իրատեսական է, թե ոչ։ Սա անբաժանելի իրավուք է և սրանով պետք է զբաղես»։
Ապարանից հետո «Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակեց Ալագյազում, այստեղ նրան դիմավորեցին աղուհացով, եզդիական համայնքում էլ գամփռ նվիրեցին: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 16-րդ համարը եզդիական համայնքից է՝ Բորիս Մուրազին: