Մատչելիության հղումներ

Քոչարյանը կրկին պնդեց, թե իշխանությունը «փչացնում է հարաբերությունները դաշնակցի հետ»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի 17-րդ օրը Էրբունիում ելույթ ունենալով մեղադրեց իշխանություններին՝ խոստումները չկատարելու համար, կրկին հայտարարեց, թե «ով քվեարկում է Նիկոլ Փաշինյանի համար, քվեարկում է Ալիևի համար»:

«Այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են. խաբել են մեր ժողովրդին, ասել են մի բան, արել՝ ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, արել են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքն ունի 0-ական արժեք»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Ինչ ենք առաջարկում մենք, առաջարկում ենք, որ Երևանը պետք է զարգանա, տեսնում ենք, որ ութ տարվա ընթացքում պարտքն ավելացնելով չեն իրականացրել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, գոնե մեկը, բա գետինը չե՞ք մտնում: Խոստանում էիք Աջափնյակի մետրո, 0, մեկ տրանսպորատյին հանգույց չեք լուծել, Երևանում խցանումները դառել են խնդիր, խոստանում էիք կանաչապատում, ունենք ավելի աղտոտված օդ Երևանում, սա նորմալ չի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է»,- նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով անվտանգային հարցերին, «Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ ըստ իրեց անվտանգության մոդելի, երկիրը պետք է ունենա մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից:

«Երկիրը չի կարող ունենալ մարտունակ, ժամանակակից բանակ, եթե չունի ուժեղ առաջնորդ: Չի կարող երկիրն ունենալ հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ և մարտունակ բանակ, հակառակ դեպքում դու ո՞ւմ ես պետք, դու գործընկեր չես, դու բեռ ես: Եվ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը: Սա է խաղաղության բանաձևը»,- հայտարարեց Քոչարյանը, շարունակելով.- «Ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային բանակ: Ունե՞նք մենք ուժեղ առաջնորդ այսօր, խայտառակություն է, մենք կզած, ծընկած, երկիրը խայտառակող...»:

Խոսելով իր նշած «հզոր դաշնակցի» մասին, երկրորդ նախագահը կրկին պնդեց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «հետևողական քայլերով փչացնում է հարաբերություններն այդ դաշնակցի հետ»՝ նկատի ունենալով Ռուսաստանին:

«Ինչի՞ համար, որ ստեղծեն մի վիճակ ու ասեն՝ ժողովուրդ ջան, ելք չունենք, ոչ մեկ մեր կողքին կանգնած չի, մենակ ենք, խեղճ ենք ու պետք է ենթարկվել բոլոր պահանջներին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, շեշտելով, որ իր ուժը «մերժում է դա»:

Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև:

Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդել է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG