«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նախընտրական հանդիպմանը դարձյալ կոշտ քննադատեց իշխանություններին՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։
Վարչապետի ընդդիմադիր թեկնածուն հիշեցրեց, որ Հայաստանը միացել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը ու պնդեց, թե դրա պատճառով Ռուսաստանի նախագահը չի կարող գալ Հայաստան։
«Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, Զելենսկին կարո՞ղ է գալ, Ռուսաստանի նախագահը չի կարող գալ։ Լավ, բարեկամ երկրի հետ, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80 տոկոսի բարեկեցության մի զգալի մասը, ո՞նց եք սենց բաներ անում։ Ու դուք մտածում եք, որ սա հետևանքներ չի կարող ունենա՞լ։ Իհարկե ունենալու է՝ և՛ քո անվտանգության հարցերի վրա, և՛ քո տնտեսական հարցերի վրա», - հայտարարեց Քոչարյանը։
Մոտ երեք տարի առաջ, երբ Երևանը վավերացրեց Հռոմի ստատուտը, իշխանությունները վստահեցնում էին, թե այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, նպատակը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային ատյանում ներկայացնելն է։ Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակ կոշտ քննադատում էին Երևանին՝ ՄՔԴ-ին միանալու համար։
Երկրորդ նախագահն այսօր անդրադարձավ նաև վերջին օրերին Ռուսաստանից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։
«Այն սահմանափակումները, որոնք հնչեցնում են Ռուսաստանի պաշտոնյաները, ուղղակի հարված են լինելու բոլորի համար, երկրի համար։ Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, ասում ենք՝ խելքներդ հավաքեք, լեզվին մի տվեք, մեծ երկրների հետ, որտեղ դու ունես շուկաներ, մեծ երկրների մեջ՝ հակասության մեջ մի մտեք։ Մեծ երկրների հակասության կենտրոնում հայտնվելը խնդիր է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են, և ի՞նչ են ասում... Ասում են՝ էս ընդդիմությունն է անում։
Ընդդիմությունն է, հա՞, Զելենսկուն հրավիրել Հայաստան, որ հիմար հայտարարություններ անի Հայաստանի տարածքից։ Ընդդիմությո՞ւնն է քայլեր անում արտաքին քաղաքական ոլորտում, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ։ Մենք ենք անո՞ւմ։ Մենք ձեզ զգուշացրել ենք և շարունակում ենք զգուշացնել՝ խելքներդ հավաքեք։ Սա պատուհաս է, փորձանք է Հայաստանի Հանրապետության համար», - հայտարարեց Քոչարյանը։
Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր պնդել, թե հայ-ռուսական կոնֆլիկտը հրահրում են ռուսամետ ընդդիմադիր առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը։
Վերջին օրերին ռուսական կողմը սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը, կասեցրել «Ջերմուկի» ու մի շարք ալկոհոլային խմիչքների վաճառքն իր տարածքում, խնդիրներ են տեսնում նաև հայկական միրգ-բանջարեղենի մասով։ Մոսկվայի այս քայլերը հետևեցին այս ամսվա սկզբին Երևանում անցկացված եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։ Այս միջոցառումներից հետո Մոսկվայից սկսեցին հորդորել արագ ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։