Մատչելիության հղումներ

Քրեական նոր վարույթ Հայ Առաքելական եկեղեցու դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Քրեական նոր վարույթ Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այս անգամ՝ դատական ակտը չկատարելու հոդվածով: Իսկ այդ ակտը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված ու երկու օր առաջ էլ եպիսկոպոսական կարգից զրկված Գևորգ եպիսկոպոսին՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանին էր վերաբերում:

«Պարտավորեցնել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի ( Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Արգելել իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Վոլոդյայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու իր իրավասություններն ու պարտավորությունները», - ասված էր դատական ակտում:

Վեհափառը վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին պաշտոնանկ էր արել՝ հիմնավորելով, որ նա թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ է գործադրում, Գևորգ եպիսկոպոսը դատի էր տվել եկեղեցուն, դատարանը թեպետ նրան ժամանակավորապես վերականգնեց թեմի առաջնորդի պաշտոնում, բայց Մայր Աթոռի համար այդ որոշումը ոչինչ չնշանակեց: Հիմնավորումն անփոփոխ էր՝ եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտություն է սա: Ավելին՝ կարգալույծ հռչակվեց այս եպիսկոպոսը:

Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունից հասկանում ենք՝ քրեական նոր վարույթ է նախաձեռնվել, որովհետև Մայր Աթոռը Գևորգ սրբազանին ոչ միայն չի վերականգնում իր պաշտոնում, այլև կարգալույծ է անում նրան: Քննչականի հաղորդագրությունը տարածվեց երեկոյան կողմ, իսկ օրվա առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը նման մի բան ասել էր:

«Իմիջիայլոց, էդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք, և բոլորը պարտավոր են պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից՝ որտեղ են աշխատում՝ վարչապետ ե՞ն, Կառավարության շենքում են աշխատո՞ւմ, թե՞ որևէ այլ տեղ, ներառյալ դուք, ներառյալ նաև էն մարդիկ, ում անունը տալիս եք», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր վարչապետը:

Թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապվում Կաթողիկոսի հետ, այստեղ դատական աշխարհիկ ատյաններն ու Աշխատանքային օրենսգիրքը կապ չունեն, ի սկզբանե պնդում էին մի շարք փաստաբաններ:

«Այս նոր վարույթի առթիվ թույլ տվեք բարձր ծիծաղել, Քննչականը զավեշտի է հասել», - ասում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

«Կներեք, որ ծիծաղում եմ, բայց ոչ մի առողջ դատող իրավաբան չի կարող էլի սրա կողքով առանց ծիծաղի անցնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ֆարմանյանը:

Ըստ փաստաբանի՝ Մայր Աթոռը դատական այդ ակտը կատարել չի կարող. - «Դատարանը իրավունք չունի Մայր Աթոռին ինչ-որ բան պարտադրել կամ նրա գործողությունների վերաբերյալ դատական ակտ կայացնել: Աշխարհիկ դատարանը չի կարող հոգևորների կանոնների մեջ մտնել ու եկեղեցական կարգեր սահմանել կամ կարգերի մեջ փոփոխություն անել, առավել ևս՝ որոշել, թե Կաթողիկոսի բացառիկ լիազորություն՝ որպես մեր Հայրապետ, ինչ ֆունկցիաներ են մտնում»:

Փաստաբանը կասկած չունի՝ եթե նույնիսկ Գևորգ սրբազանին Վեհափառը կարգալույծ չաներ, քրեական այս գործընթացը կանգ չէր առնի:

«Փաշինյանը հենց էդ էլ նախատեսել է, որ Կաթողիկոսին պիտի կանչի հարցաքննության», - պնդեց Ֆարմանյանը:

Հետո փաստաբանը շարունակում է ծիծաղել՝ այս գործով պատասխանողը եկեղեցին է, Վեհափառի տնօրինությամբ է եպիսկոպոսն ազատվել պաշտոնից, ապա՝ կարգալույծ հռչակվել: Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով Քննչականն այսօր գործողություններ է իրականացնում, նախատեսում է կամ տուգանք, կամ մինչև 150 ժամ տևողությամբ հանրային աշխատանք, կամ էլ մինչև երկու տարով ազատազրկում:

Ինչպե՞ս է, որ Կաթողիկոսին «քարով սատկացնելու» կոչի հեղինակը մեղադրյալ չէ, չի հարցաքննվում:

«Չեմ առնչվել և տեղեկություն չունեմ», - այսօր ճեպազրույցում վստահեցրեց վարչապետը:

Ինչպե՞ս է, որ գյուղապետը կարող է քահանային հրահանգել հեռանալ եկեղեցուց, մի քաղաքապետ որոշել, թե որ հոգևորականը պիտի պատարագին խորան բարձրանա, իրավապահները ակտիվ հսկեն կարգալույծ ու պաշտոնանկ նախկին հոգևորականների անդորրը: Հայաստանի վարչապետը մանրամասներ չգիտի, բայց, ասաց, «եթե իրավապահները որևէ գործողություն անում են կամ որևէ գործողություն չեն անում, ուրեմն դրա համար ունեն համապատասխան հիմնավորումներ»:


XS
SM
MD
LG