Մատչելիության հղումներ

Մեղադրանք հոգևորականներին՝ Ավստրիայի Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ. արգելվել է լքել երկիրը

Լրացված

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա: Այս մասին գրառում էր արել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել էր, որ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերվում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը նաև 3 օր առաջ կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ:

Այսօր Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները ինչպես նաև տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալներ են, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հարցաքննությունից հետո Մակար սրբազանը գործից շատ մանրամասներ չներկայացրեց, սակայն ասաց, որ Վեհափառի որոշումը վիճարկման ենթակա չէ։ Նկատի ունի այն, որ Գևորգ սրբազանը իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո այդ որոշումը վիճարկել է դատական կարգով, դատարանը որոշել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, և Մայր Աթոռի այս եպիսկոպոսները մեղադրվում են այդ ակտին խոչընդոտելու համար: Ենթադրաբար խոչընդոտում է համարվում այն, որ հոգևոր խորհրդի այդ ժողովից հետո Գևորգ սրբազանը կարգալույծ հռչակվեց՝ Վեհափառի որոշմամբ։

«Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել, չգիտեմ՝ ինչու, չեմ կարող գործի մասին խոսել։ Ես դատարան չէի տա, որովհետև մենք ուխտ ենք արել, անվերապահ հնազանդություն Ամենայն Հայոց Հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք և հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ՝ ով ոնց է մտածում, ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է, և այդ ուխտը մենք կնքել ենք Աստծու հետ, և Սուրբ Էջմիածնի հետ, և մեր ազգի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

Հոգևորականների փաստաբաններն ընդգծում են, որ այս ամենն ուղղված է փետրվարի կեսին Ավստրիայում հրավիրված եպիսկոպոսական ժողովը տապալելուն, այսինքն՝ Մայր Աթոռի այս միաբանները զրկվում են երկրից բացակայելու հնարավորությունից: Փաստաբան Արմինե Ֆանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում ենք՝ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով: Սա էլ է եզակի բան: Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել ՀՀ սահմանը, ինչն արդեն խոչընդոտ է լինելու, որ նրանք մեկնեն և մասնակցեն այդ ժողովին»:

Քննչական հրավիրված հոգևորականները անհեթեթ են համարում քրեական այս պատմությունը, հրավիրվածների մեջ է նաև հոգևոր խորհրդի ընթացքը արձանագրող տեր Մովսես քահանան։ Նա շեշտեց, որ որոշում կայացնող չէ և լավ չի պատկերացնում, թե ինչու են իրեն հրավիրել։

«Որպես մեղադրյալ են ինձ հրավիրել։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ, քարտուղարությամբ եմ զբաղվում։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ էս դուռը բացեցին, մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է, մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մե՞նք պիտի որպես մեղադրյալներ գանք, էս դուռը բացենք, մտնենք ներս, Միքայել Սրբազա՞նը պիտի գար մտներ ներս, մե՞նք պիտի մտնեինք, Արագածոտնի 12 քահանանե՞ր պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային: Հիմա իմ հարցը հետևյալն է՝ էս երկրում հանցագործություն ուրիշ չկա՞, բացի եկեղեցական լինելուց։ Իմ գնահատմամբ՝ սա, միանշանակ, հակաեկկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է»,- ասաց տեր Մովսես քահանան:

Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաթան սրբազանն ասաց.- «Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն կաթողիկոսի մենաշնորհն է և որևէ մեկը չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսի նման որոշումը չեղարկել կամ միջամտել»:

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Արդյոք քրեական այս նոր պատմությունը հոգևորականների շուրջ կհասնի Ամենայն Հայոց կաթողիկոսին, դեռ հստակ չէ, բայց այն, որ այս պատմությունն ընդհուպ մոտեցել է Վեհափառի գահին, դա հստակ է, որովհետև այս քրեական վարույթով հիմնական դերակատարը ենթադրվում է, որ Վեհափառը պիտի լինի, որովհետև թե՛ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից սրբազանին հեռացնելու որոշումը, թե՛ նրան կարգալույծ անելու որոշումը, երկու դեպքում էլ Վեհափառի տնօրինությամբ է տեղի ունեցել:

XS
SM
MD
LG