Մատչելիության հղումներ

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այս որոշումից րոպեներ առաջ Մայր Աթոռը հաղորդել էր, որ այսօր տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով և, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկ է ներկայացվել Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում ասված է.- «Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին»:

Հաղորդվում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել այն, որ «նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը», - նշվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Արձագանքելով կարգալուծության որոշմանը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող, վարչապետի կուսակից, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ԿԳԲ գործակալի եղբայր, հետևաբար չի կարող որևէ որոշում ընդունել որևէ մաքրակենցաղ, իրական հոգևորականի վերաբերյալ»,- ասված է Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ Վեհափառը պաշտոնանկ էր արել վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին՝ հիմնավորելով, որ նա թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ է գործադրել:

Եկեղեցու բարենորոգում կոչվող շարժմանը այս թեմի 24 քահանաներից 4-ը միացել էին: Գևորգ Սրբազանը կեղծիք էր համարել, թե ինքը ճնշումներ է գործադրել:

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայ Առաքելական եկեղեցուն: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու կաթողիկոսի որոշումն ու իրեն վերականգնել նույն պաշտոնում:


XS
SM
MD
LG