Մատչելիության հղումներ

Սփյուռքի գործիչները կոչ են անում եկեղեցական կառավարման հարցերը լուծել ՀԱԵ մարմինների միջոցով

Եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, հայտարարել են Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ:

Հայտարարության հեղինակներից են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց եկեղեցու անդամներ՝ ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Դենհամի պրոֆեսոր Լորդ Արա Դարզին, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, շվեյցարահայ գործարար և բարերար Վաչե Գաբրաշը, բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը: Ի դեպ, նրանցից ոմանց հետ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել:

Գործիչները կոչ ենք արել եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծել եկեղեցու կառավարման մարմինների միջոցով:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և Հայոց Եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնությունները՝ հարգելով Եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության», - ասված է նրանց նամակում:

Նրանք նշել են, որ Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ: Նրանք հավելել են՝ ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը:

Վարչապետ Փաշինյանը շուրջ 9 ամիս պահանջում է Գարեգին Երկրորդ վեհափառի հրաժարականը՝ հայտարարելով՝ նա խախտել է կուսակրոնության ուխտը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր ևս կաթողիկոսի հեռանալու պահանջ են դրել: Նա օրերս նույնիսկ հայտարարեց, որ կա տեղեկատվություն, որ ճշտման փուլում է, որ այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ձևաչափերով Հայաստան են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով այստեղ օգտագործելու համար: Նիկալ Փաշինյանը, սակայն, ապացույցներ չի ներկայացրել:

Մայր Աթոռի շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Ֆանյանն արձագանքել էր՝ եթե իշխանությունները ձեռքի տակ իրական փաստեր ունենային, ապա վաղուց իրավական գործընթաց կսկսվեր:

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել միջազգային կազմակերպությունները:

XS
SM
MD
LG