Մատչելիության հղումներ

Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում այս պահի դրությամբ կկայանա. Մայր Աթոռ

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման պահանջները սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար. հայազգի մի խումբ հեղինակավոր գործիչներ են հայտարարություն տարածել, նրանց թվում՝ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, շվեյցարահայ Վահե Գաբրաշը, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի ղեկավար Լորդ Արա Դարզին, գործարար, բարերար Վաչե Մանուկյանն ու այլ երևելի հայեր սփյուռքից: Ոմանք տարբեր ժամանակներում սեղմել են Նիկոլ Փաշինյանի ձեռքը, նրա հետ տարբեր նախագծեր քննարկել։

«Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում ապրողներինը չէ միայն, նա Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային առաջնորդն է, նաև սփյուռքում ապրող 10 միլիոնինը։ Կոչ են անում պաշտպանել իրենց իրավունքը, հետևել հավատքին առանց Կառավարության կողմից քաղաքական միջամտության։ Զգուշացնում են. - «Նույնիսկ եթե դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ, մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը»։

Եկող շաբաթվա սկզբին Հայ Առաքելական եկեղեցու միաբանները հարցերը կարգավորելու փորձ կանեն Ավստրիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Սանկտ Փյոլթընում։ Եպիսկոպոսական ժողովն այս պահի դրությամբ կկայանա։

«Ինչպես որ արդեն հայտարարվել է, այս ժողովը տեղի կունենա, կիրականացվի։ Պարզապես այս պահին իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ։ Բոլոր եպիսկոպոսները հրավիրված են», - «Ազատությանը» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր եսայի քահանա Արթենյանը:

Բոլորը հրավիրված են, բայց բոլորը չէ, որ կգնան։ Բացի այն, որ երկու բարձրաստիճան հոգևորականներ բանտախցում են, երկուսը՝ տնային կալանքի տակ, երկու շաբաթ առաջ էլ միանգամից վեց եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ մեղադրյալներ դարձան՝ երկրից բացակայելու արգելքով, Ավստրիայի ժողովի քարտուղար քահանան՝ նրանց հետ։ Առայժմ չգիտեն՝ հեռավար մասնակցելու որոշում կլինի՞, թե՞ ոչ:

Մեղադրյալ դարձած Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն այս ժողովը ոսկյա հնարավորություն է համարում խնդիրները քննարկելու համար, միայն թե չգիտի՝ որքանով է հնարավոր հեռավար մասնակցությունը։

«Դեռ ոչ մի բան էլ պարզ չի: Չգիտեմ, իմ և իմ նման մտածող եպիսկոպոսների բանը այն էր, որ հնարավորություն տրվեր բոլորին մասնակցելու և այնտեղ գնալ գաղտնի քվեարկության։ Եթե գաղտնի քվեարկություն պիտի չլինի, այս բոլորը ոչ մի տեղ չի հասնի», - «Ազատությանը» ասաց արքեպիսկոպոսը:

Էջմիածնից դուրս, օտար երկրում Եպիսկոպոսական ժողով հրավիրելն անընդունելի են համարել Նիկոլ Փաշինյանի բարենորոգման արշավին միացած տասը եպիսկոպոսները։ Նրանք նաև համարում են, որ Կաթողիկոսը նախ պիտի իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանի։ Եպիսկոպոսական ժողով նախագահելու իրավունք էլ չունի նա, ասում է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին դատարանը վերականգնել է պաշտոնում։

«Ինքն էլ չպիտի նախագահի, որովհետև ինքը մեղադրվողն է։ Պետք է ժողով տեղի ունենա, ու Կաթողիկոսը իր դեմ եղած մեղադրանքները պիտի հերքի։ Եթե չի հերքվում, ուրեմն դա հետևանք է ունենում», - «Ազատությանը» ասաց եպիսկոպոսը:

Հակակաթողիկոսական արշավին միացած տասը եպիսկոպոսներից մեկը, սակայն, չնայած թիմակիցների հորդորներին, որ բոլորը պիտի բոյկոտեն ու Ավստրիա չգնան, կմասնակցի ժողովին։ Նա Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է։

«Կանոնականորեն Եպիսկոպոսաց ժողովը Հայ Առաքելական եկեղեցու այն մարմինն է, որն իրավասու է քննարկելու իր առջև ծառացած խնդիրները և համապատասխանորեն լուծումներ առաջարկելու», - հայտարարել է Հովնան սրբազանը; Նա հայտնել է, որ արդեն Վեհափառին է ուղարկել այն հարցերը, որ իր կարծիքով պիտի օրակարգում լինեն։

«Ինչո՞ւ համար Հովնան սրբազանը քաշություն ունի գալու և ներկայանալու։ Հովնան սրբազանը գալիս է Կալիֆորնիայից և մասնակցում է։ Հետևաբար, եթե Հովնան սրբազանը կարող է մասնակցել, իրենք էլ թող մասնակցեն», - ընդգծեց Հայկազուն սրբազանը:

Արքեպիսկոպոսն ափսոսում է, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող մյուս հոգևորականները ժողովը բոյկոտում են։ Շեշտում է՝ ամեն օր է պառակտումը խորանում։ Սրբազանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ բոյկոտողներին ու մեղադրյալ դարձածներին հանած՝ մյուս սրբազանները կկարողանան մեկնել Ավստրիա. - «Կարծես թե եթե բոլորը մասնակցեն, քվորում կլինի»:

Մայր Աթոռի հոգևորականներին պաշտպանող փաստաբանները չեն բացառում, որ հոգևորական մեղադրյալների շրջանակը Եպիսկոպոսական ժողովին ընդառաջ կարող է ընդլայնվել ու ընդհուպ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վեհափառը վերջին օրերին եկեղեցական ծեսերին նաև եկեղեցու ինքնավարությունը չարամիտ քայլերից պաշտպանելու հորդորներ է հղում։

«Վարչապետի գլխավորությամբ ձեռնարկված հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունները պետական լծակների չարաշահմամբ միջամտում են եկեղեցական կյանքին», - հայտարարել է Գարեգին Երկրորդը:

Եկեղեցու վերնախավի ու իշխանականների սրված հարաբերությունների հարցը Ավստրիայում քննարկելու որոշումը Մայր Աթոռը հիմնավորել էր միաբաններին իշխանական ճնշումներից զերծ պահելու ցանկությամբ: Կաթողիկոսի ընդդիմախոսների պնդմամբ՝ այդ որոշումն ընդունվել է Վեհափառի եղբոր՝ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի մասնակցությունն ապահովելու համար: Նրան են Փաշինյանն ու թիմակիցները ԿԳԲ-ի գործակալ հռչակել:

Ավստրիայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի ու Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակությունից արդեն հայտնել են՝ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական պետական անվտանգության ծառայությունը ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Վարչապետը թույլ չի տալու «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»

Հայաստանի վարչապետն էլ այսօր երեկոյան հայտարարեց, թե թույլ չի տալու «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե տեղեկություն ունի, որ կաթողիկոսությունը ուզում են տեղափոխել, և նախօրեին հրապարակված նամակը ստորագրողներն էլ փորձում են դա կազմակերպել:

«Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը», - հայտարարեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG