Մատչելիության հղումներ

Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի գինը առնվազն մինչև տարեվերջ չի փոխվի

Լրացված
Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ
Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ

Հայաստանի համար բնական գազը թանկացնելու՝ ռուս պաշտոնյաների սպառնալիքներին զուգահեռ, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր մի որոշում ընդունեց, որի արդյունքում առվազն մինչև այս տարեվերջ քաղաքացիները բնակարաններում սպառած կապույտ վառելիքի համար նույն գումարը կվճարեն՝ 143.7 դրամ մեկ խորանարդ մետրի համար, անապահով ընտանիքների համար սակագինը նույնպես անփոփոխ կմնա՝ 100 դրամ. այսինքն՝ բնական գազը դեռ առնվազն կես տարի չի թանկանա:

Կարգավորող հանձնաժողովի տարեկան վերահաշվարկի արդյունքում, օրինակ, ջերմաէլեկտրակայանների սպառած կապույտ վառելիքի համար նույնիսկ նվազեցում կլինի, որոշ չափով նվազում են նաև բնական գազի փոխադրման, բաշխման սակագները, այսինքն՝ մի փոքր նվազում է այն գումարը, որը սպառողներից գանձում են բնական գազը սահմանից բնակարաններ հասցնելու համար: Բացի այդ, կարգավորող հանձնաժողովը սահմանափակեց ռուսական ընկերության ղեկավար անձնակազմի համար հավելավճարների տրամադրումը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարները հավելավճարներ ստանալ չեն կարող: Աշխատավարձային ֆոնդի ավելացումը կուղղեն միայն միջին ու ստորին օղակներում աշխատողներին:

«Գազպրոմ Արմենիա»-ն, արդեն իմ խոսքում ասացի՝ կարող է միշտ էլ հայտ ներկայացնել վերանայելու համար: Գործնականում այսօրվա մեր որոշմամբ մինչև տարվա վերջ՝ մինչև դեկտեմբերի 31, մենք այդ հարցը փակեցինք, իսկ արդեն հունվարի 1-ից սկսած, այո, «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ, և, եթե օբյեկտիվ լինեն պատճառները և իսկապես այնպիսի խնդիրներ լինեն, որ պետք է սակագին վերանայվի, ամեն դեպքում, մենք կվերանայենք, և որոշումը կախված կլինի հայցում ներկայացված պահանջներից կամ առաջարկներից», - հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Հայաստանի համար գազի հնարավոր թանկացման մասին մի քանի ամիս առաջ անթաքույց ակնարկեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվրոպական երկրների ղեկավարների ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում կայացած երկու գագաթնաժողովներից հետո և նախընտրական շրջանում պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունն ավելի սաստկացավ, պաշտոնյաներն արդեն ուղիղ հայտարարում են՝ եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գա, բնական գազը կտրուկ կթանկացնեն՝ սահմանին այժմ գործող 175 դոլարի փոխարեն ընդհուպ 600 դոլարի հասցնելով:

«Հայերի ստացած արտոնությունները օդից չեն, այլ միշտ ինչ-որ մեկի հաշվին: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է: Դա, իրոք, մեր ներդրումն է Հայաստանի զարգացման համար: Այդ երկիրը եղբայրական է և շարունակում է մնալ եղբայրական: Բայց դա մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին», - հայտարարեց, մասնավորապես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման քայլերն անտրամաբանական որակեց՝ պնդելով, թե Հայաստանը գումար կունենա վճարելու համար:

«Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան՝ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանո՞ւմ եք: Եվ էսօր Հայաստանը դառնում ա խաղաղության խաչմերուկ, էդ նշանակում ա, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ա ըլնելու, Հայաստանը ըլնելու ա միլիարդների և տրիլիոնների երկիր: Մենք այլևս էն կուչ էկած, մենք այլևս էն կուչ էկած, պլեճին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք», - հայտարարեց Փաշինյանը:

Կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ընկերության վարչության նախագահը ոչ ելույթ ունեցավ, ոչ էլ մեկնաբանություն տվեց, նա նիստից հետո շտապ հեռացավ դահլիճից, սակայն, միջանցքում, արձագանքելով «Ազատության» հարցին, վստահեցրեց, թե չեն պատրաստվում սակագները բարձրացնելու հայտ ներկայացնել:

Թե մինչև որ պահը նման հայտ չեն ներկայացնի, ռուսական ընկերության ներկայացուցչից չհաջողվեց պարզել:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանը Մոսկվայից նաև պաշտոնական նամակ է ստացել գազային պայմանագիրը խզելու հավանականության մասին, իսկ տարեվերջին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու մյուս նախագահները պատրաստվում են քննարկել Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG