Մատչելիության հղումներ

Եթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ

«Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», - այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:

Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը՝ սրան նախարարն արձագանքեց. - «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: ... Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել», - ասաց Խուդաթյանը:

«Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, մատակարարումները բնականոն են գնում և մեր պայմանագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առավելագույնն է անում, որպեսզի սպառողների համար պայմանները լինեն հարմարավետ: Կառավարությունը վստահաբար ունի պլան Բ, բայց մենք այդ կետում չենք, որ պլան Բ-ի մասին հայտարարենք», - վստահեցրեց նախարարը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն օրերս նամակ էր հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ զգուշացնելով, թե Մոսկվա կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ «Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն», - պարզաբանել էր ռուս նախարարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ Աստանայում հայտարարել է, թե որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի: «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո», - մասնավորապես ասել է Պուտինը:




XS
SM
MD
LG