Մատչելիության հղումներ

600-ից ավելի ԱԹՍ և տասնյակ հրթիռներ․ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային


Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններից երկու օր անց ռուսական զորքը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին՝ կիրառելով 600-ից ավելի անօդաչու և 38 հրթիռ: Կա առնվազն երեք զոհ, այդ թվում՝ 4-ամյա երեխա, կան նաև վիրավորներ:

Մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ են եղել, այդ թվում՝ Օդեսայում, որտեղ նաև վնասվել են նավահանգստի ենթակառուցվածքը և քաղաքացիական նավ: Ռուսական զորքի թիրախում են եղել նաև Կիևը, Ժիտոմիրը, Խարկովը և այլ շրջաններ:

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Արտյոմ Նեկրասովը հայտնել է, որ հրետակոծության պատճառով երկրի ատոմակայանները կրճատել են արտադրական հզորությունները, մինչև կվերականգնվեն վնասված ցանցերը։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական թիրախներին, այդ թվում՝ Ստավրոպոլում գտնվող նավթաքիմիական գործարանի:

Ուկրաինայի հարևան Լեհաստանն այս հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել և բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռուսական հարվածները հստակ ազդակ են հղում Մոսկվայի առաջնահերթությունների մասին։ Մինչ այդ էլ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Մոսկվան մերժել է Ծննդյան տոներին կրակը դադարեցնելու՝ Վաշինգտոնի և Կիևի առաջարկը ու պատրաստվում է զանգվածային հարձակումների: «Նրանց էությունն է այդպիսին՝ Սուրբ Ծնունդի ժամանակ զանգվածային հարձակում սկսել», - երեկ հրավիրած ասուլիսին ասել է նա։

Զելենսկին նշել է, թե պատերազմը դադարեցնելու հիմնական փաստաթղթերը մոտ 90 տոկոսով պատրաստ են, թեև դեռ կան կետեր, որոնց հետ կողմերից որևէ մեկը համաձայն չէ։ Այնուամենայնիվ, 20 կետանոց խաղաղության ամերիկյան ծրագիրը, ըստ նրա, կա և կազմում է բանակցությունների հիմքը։ Ըստ Զելենսկիի՝ կողմերը շատ մոտ են իրական արդյունքի հասնելուն։

«Կարևոր է, որ սա և՛ մեր, և՛ ԱՄՆ-ի աշխատանքն է։ Սա ենթադրում է, որ մենք շատ մոտ ենք իրական արդյունքի [...] Սկզբունքորեն, բոլոր փաստաթղթերի հիմնական բլոկը, իմ կարծիքով, պատրաստ է», - ասել է նա։

ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Մայամիում հանգստյան օրերին կայացած բանակցությունները լավ են ընթացել՝ առանց մանրամասներ հայտնելու:

Պեսկով․ Դա զուտ աշխատանքային գործընթաց է

Չնայած Վաշինգտոնի ու Կիևի լավատեսությանը՝ Մոսկվայում չեն կարծում, որ Մայամիի հանդիպումները կարող են առաջընթաց համարվել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա զուտ աշխատանքային գործընթաց է, և Մոսկվան բազմիցս է ասել, որ խաղաղության համաձայնագիր կնքելուց առաջ պետք է փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանք տարվի։

«Ամենակարևորը ամերիկացիներից տեղեկատվություն ստանալն էր եվրոպացիների և ուկրաինացիների հետ իրենց աշխատանքի արդյունքների մասին։ Եվ դրա հիման վրա կարող ենք որոշել, թե որքանով են այս զարգացումները համապատասխանում Անքորիջի պայմանավորվածություններին», - նշել է Պեսկովը:

Բրիտանական Financial Times-ը, երկու անանուն պաշտոնյայի հղումով, գրում է, թե Վլադիմիր Պուտինը հավատում է, որ կարող է Ուկրաինային լիակատար պարտության մատնել՝ չնայած Ռուսաստանի տնտեսությունում աճող խնդիրներին: Ըստ թերթի՝ այս վստահությունը մեծապես հիմնված է զինվորականների և անվտանգության ծառայությունների զեկույցների վրա, որոնք մոլորեցնող են և չեն ներկայացնում մարտի դաշտում տիրող իրական պատկերը:




XS
SM
MD
LG