Կիրակի առավոտյան Հորմուզի նեղուցում՝ Հենգամ կղզու մերձակայքում իրանական առևտրային նավին արկ է հարվածել, զոհվել է անձնակազմի տասն անդամներից մեկը, չորսը վիրավորվել են, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի Քեշմ կղզու նահանգապետին:
Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, որ կոնտեյներային նավի հետ կապված միջադեպը քննվում է: Նա ընդգծել է, որ արկի ծագումը, տեսակը և միջադեպի հանգամանքները դեռ չեն հրապարակվել:
Financial Times-ի տվալներով՝ այս տարվա փետրվարի 28-ին Իրանի շուրջ ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցում, որով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, հարձակման են ենթարկվել յոթ տասնյակից ավելի առևտրային նավեր:
ԱՄՆ-ը և Իրանը փորձում են սեփական կանոնները հաստատել Հորմուզում, ինչն ուղեկցվում է այդ թվում նավերի վրա հարձակումներով: