Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատար

ԱՄՆ զինված ուժերն այսօր հայտարարել են, որ հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված երեք նավթատար նավ՝ այն բանից հետո, երբ իրանական ռազմական կառույցը կրակ է բացել ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։

Հայտարարության համաձայն՝ թիրախավորված երեք նավերն էլ «ԻՀՊԿ-ին և տարածաշրջանում նրա դաշնակից խմբավորումներին ֆինանսավորող բազմամիլիարդանոց ստվերային ցանցի» մաս են կազմել։

«Իրանն այլևս որևէ միջոց չունի դրանք պաշտպանելու համար»,- հաղորդում է ԱՄՆ զինված ուժերը:

ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է․ «ԻՀՊԿ-ի համար ուղերձը պետք է հստակ լինի․ եթե դուք կրակում եք մեր երկու նավերի ուղղությամբ, մենք ձեզ ավելի մեծ տնտեսական վնաս ենք հասցնելու՝ ոչնչացնելով ձեր երեք նավերը»։

Հարվածները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պնդում է, որ փորձում է տնտեսապես ճնշել Իրանին, այդ թվում՝ շրջափակելով նրա նավահանգիստները, միաժամանակ պահպանելով ռազմական գործողությունների սպառնալիքը։

Իրանն իր հերթին արգելափակել է առևտրային նավարկությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով՝ սպառնալով այն նավերին, որոնք առանց իր թույլտվության կփորձեն անցնել նեղուցով։

Կողմերը փոխադարձ կրակ են բացել այս շաբաթվա սկզբին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ թիրախավորում է առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու ԻՀՊԿ-ի կարողությունները, մինչդեռ Իրանը կրակ է բացել մոտակա Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։

XS
SM
MD
LG