Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս «արգելված գոտի» ստեղծելու մասին: Ըստ նրա՝ այն ուղղված է այն նավերի դեմ, որոնք, ըստ Իրանի, փորձում են անցնել ջրային այս ուղիով առանց Թեհրանի թույլտվության, տեղեկացնում է Al Jazeera-ն:
«Առաջիկա օրերին կհայտարարվի Հորմուզի նեղուցից դուրս արգելված գոտու մասին։ Այս գոտին կձգվի ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և կներառի Պարսից ծոցի տարածքները։ Այս նոր գոտի մտնող ցանկացած նավ կավելացվի Իրանի պատժամիջոցների ցանկին», - պետական հեռուստատեսության եթերում ասել է Մոհսեն Ռեզաին:
Վերջինս չի հստակեցրել, թե ինչ է սպասվում այդ նավերին, սակայն առ այսօր իրանական զինուժը պարբերաբար հարվածել է այն նավերին, որոնք փորձել են առանց Իրանի թույլտվության անցնել նեղուցը:
Ռեզաիի հայտարարությունը հնչում է օրեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ զինուժը հարվածեց իրանական երեք նավթատար նավի՝ ի պատասխան Թեհրանի կողմից ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակմանը:
Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն հայտարարում են, որ վերահսկում են Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն օգոստոսին նաև «տնտեսական պատերազմ» սկսեց Իրանի դեմ և զգուշացրեց, որ Իրանի հետ համագործակցող բոլոր երկրները ևս կհայտնվեն պատժամիջոցների տակ:
Նավագնացությանը հետևող Kpler ընկերության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է՝ հասնելով մայիսից ի վեր ամենացածր մակարդակին: Վերջին 10 օրվա ընթացքում, ըստ ընկերության, նեղուցով օրական անցել է միջինը 10 նավ, հաղորդում է Reuters-ը: