Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ-ի կողմից շահագործվող ջրային անօդաչու են խոցել:
ԻՀՊԿ-ն պնդում է, որ «խափանել են ագրեսիվ առաքելություն», որի իրականացման նպատակով է ամերիկյան զինուժն օգտագործել առագաստանավի ձև ունեցող այս անօդաչու սարքը։ Վաշինգտոնը դեռևս չի մեկնաբանել այս պնդումը։
Իրավիճակը Հորմուզում
Նավարկությանը հետևող ծառայությունների տվյալները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցով երեկ անցել է 7 նավ՝ նախորդ օրվա 11-ի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին 15-ից, հաղորդում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ ջրային ուղուց դուրս են եկել երկու նավ, մուտք գործել՝ հինգը։
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պնդում են, թե իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը:
Մերձավոր Արևելքում լարվածության աճին զուգահեռ աճում է նաև նավթի գինը: Brent տեսակի մեկ բարելը վաճառվում է 108 դոլարով:
Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին համաձայնագիրը: ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ծովային շրջափակումը՝ ի թիվս անցած ամիս հայտարարված տնտեսական խիստ պատժամիջոցների: Վերջին շաբաթներին կողմերը կրկին սկսել են պարբերաբար հարվածներ հասցնել միմյանց: