Եմենի հութիները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի՝ Եմենի տարածքում գտնվող ողջ ափամերձ գիծը և գրավել են Պերիմ կղզին, որն անմիջապես Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ է, հայտնում է Al Jazeera-ն:
Երեկվանից մեկնարկած հարձակման արդյունքում Իրանի աջակցությունը վայելող հութիներն առանց դիմադրության գրավել են մի քանի քաղաքներ, որտեղից ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերը նախապես էին հեռացել: Գրավված քաղաքների թվում է նաև Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը:
Սաուդյան Արաբիայի արտահանումները՝ վտանգի տակ
Սա հութիների մինչ օրս գրանցած ամենանշանակալի առաջընթացն է Բաբ էլ-Մանդեբ նեղուցը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ: Այն համաշխարհային ծովային առևտրի ամենակարևոր երթուղիներից է և օգտագործվում է Պարսից ծոցի երկրներից Եվրոպա և Ասիա նավթի և նավթամթերքի փոխադրման համար։ Եթե հութիներին հաջողվի վերահսկողության տակ վերցնել նեղուցը, ապա այստեղով օրական միլիոնավոր բարել նավթ տեղափոխող Սաուդյան Արաբիան կարող է զրկվել դեպի Ասիա արտահանման հնարավորությունից:
Այս երթուղու կարևորությունն է՛լ ավելի է մեծացել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին: Ու եթե հութիները վերահսկողություն հաստատեն Բաբ էլ-Մանդեբում, դա կարող է նաև Իրանին ազդեցության նոր լծակ տալ ԱՄՆ-ի հետ պատերազմում՝ կրճատելով տարածաշրջանի երկրորդ խոշոր միջանցքով նավթի և այլ ապրանքների մատակարարումները:
Հարվածներ՝ Սաուդյան Արաբիային
Հութիները մինչ այդ էլ հարձակվել էին Սաուդյան Արաբիայի չորս քաղաքներում գտնվող էներգետիկ օբյեկտների և քաղաքների վրա, ինչի հետևանքով ավելի քան 70 մարդ էր վիրավորվել:
Մի շարք երկրներ են դատապարտել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը, այդ թվում՝ Պակիստանը: Արտգործնախարարության խոսնակը նաև աջակցություն է հայտնել Էր-Ռիյադին:
«Պակիստանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը և բարգավաճմանը … Պակիստանը կշարունակի աջակցել տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին», - ասել է Սաջադ Հայդեր Խանը:
«Իրանը չի վերահսկում հութիներին»
Նոր էսկալացիայի ֆոնին Պակիստանն Իրանին է փոխանցել Սաուդյան Արաբիայի պահանջը՝ ազդել հութիների վրա, որպեսզի դադարեցնեն թագավորության վրա հարձակումները: Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ստացել են այդ ուղերձը, սակայն նշել է, թե «Իրանը չի վերահսկում հութիներին»: Չնայած Թեհրանի այս պնդմանը՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ողջունել է Եմենի «հերոսական ժողովրդի հաղթանակները»:
Եմենի հութիներն ԱՄՆ-Իրան պատերազմում Թեհրանի կողմից ներգրավվեցին մարտի 28-ին՝ հարձակվելով Իսրայելի վրա, բայց հիմնականում հանդարտ էին, նախքան հուլիսին կհայտարարեին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, իսկ սեպտեմբերին արդեն սկսեցին հարձակումները:
Ովքե՞ր են հութիները
Հութիները՝ պաշտոնապես հայտնի որպես «Անսար Ալլահ», զայդիական վերածննդի և շիա իսլամիստական քաղաքական և ռազմական կազմակերպություն է, որն ի հայտ է եկել Եմենում 1990-ականներին: Այն հիմնականում կազմված է զայդիներից, որոնց անվանակից ղեկավարությունը հիմնականում սերում է ալ-Հութի ընտանիքից: Հութիները վայելում են Իրանի աջակցությունը և Իրանի գլխավորած «դիմադրության առանցքի» մաս են:
Հութիները 2014-ից հակամարտության մեջ են Եմենի կառավարության հետ: ՄԱԿ-ի միջնորդությամբ 2022-ին կնքված հրադադարը զգալիորեն նվազեցրեց ռազմական գործողությունների ինտենսիվությունը, սակայն քաղաքական կարգավորման այդպես էլ չհաջողվեց հասնել։