«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին», - ժամը 13:30-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է 18-ամյա պատանու փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս հապճեպության նպատակը ապրիլի 17-ին Վերաքննիչի որոշմամբ պատանուն ազատ արձակելու հնարավորության կանխումն է:
Օրենքով, երբ նախաքննությունն ավարտվում է և գործը սկսում է քննել դատարանը, հենց այդ դատարանն էլ առաջին նիստով քննարկում է խափանման միջոցի հարցը: Ստացվում է, որ Դավիթ Մինասյանի կալանքը փոփոխելու հարցի քննությունը Վերաքննիչում կչեղարկվի և կտեղափոխվի առաջին ատյանի դատարան:
Փաստաբանները Վերաքննիչում բողոքարկել են երկամսյա կալանքի որոշումը, որի վերաբերյալ Վերաքննիչը որոշում պետք է կայացներ ապրիլի 17-ին: Դավիթին վերաբերող դրվագն առանձնացվել է բուն գործից, հայտարարվել է նախաքննության ավարտ:
Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ մինչև դատախազը հաստատի մեղադրականը, գործն ուղարկեն դատարան, դատարանը մինչև մակագրի որևէ դատավորի, վերջինս էլ վարույթ ընդունի, նիստի օր նշանակի, առնվազն 15 օր կանցնի: Իսկ Վերաքննիչի դեպքում ընդամենը վեց օր հետո կար հնարավորությու կալանքը փոփոխելու, նկատում է փաստաբանը:
Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված երկվորյակ եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:
Փաստաբանը երկու օր առաջ հրապարակել է բժշկական հետազոտությունների արդյունքը՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի:
Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ երկու շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա պատանուն ազատ արձակել կալանքից:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ