Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրողներն անհանգստացած են Ռուսաստանի օր-օրի ավելացող սահմանափակումներից

Անհատ բեռնափոխադրող Նարեկ Եղինյանը 17 օր Լարսի անցակետում կանգնելուց հետո այսօր վերադարձավ Հայաստան: 20 տոննա ելակը տեղավորել էր սառնարանում, անորոշ վիճակում է: Չգիտի ահռելի քանակի ապրանքի ճակատագիրը, կամ թե դեռ որքան կվճարի այն սառնարանում պահելու համար:

«Ժպտերես ձևով դիմավորում են, ասում են՝ "все решится", իրանք ոնց ուզեն՝ տենց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղինյանը՝ հաստատելով, որ Հայաստանում ստուգում անցել էր. - «Ամեն ինչ, ֆիտոսանիտարիան անցել էինք, մեր ֆիտոսանիտարիան տեսել է թղթերը, ամեն ինչը, ելակի որակը, գյուղացու արտադրանքը տեսել է, բայց... Չէ, քաղաքական որոշումներ ուղղակի»:

Արա Իսոյանն էլ մեկ շաբաթ է անցկացրել Ռուսաստանի մուտքի մոտ ու անհույս ետ բերել 20 տոննա պղպեղը: Ասում է՝ ռուս մասնագետներն իր Ռուսաստան հասցրած ապրանքին վերագրել են մի հիվանդություն, որով պղպեղը երբեք չի հիվանդանում:

«Հայաստանում մեր տամոժնիում մի սուտկա կանգնացրել եմ, էդ ֆիտոսանիտարիան լրիվ դզել եմ, ճիշտ ա եղել, սաղ տոչնի, գնացել եմ ընդեղ,իրանք էն հիվանդությունն ա գրած էդ բիբարի մեջը, որը որ էդ հիվանդությունն ունի մենակ պոմիդորը: Ինձ տարել ստայանկեն են մտցրել, բոլորը, ինչը պետք ա, ընդե մուծել ենք, ստայանկի փողով, ամեն ինչով, մուծել ենք, հետո նորից մի սուտկա մնացել ենք, հետ են դարձրել», - պատմեց Իսոյանը:

Բեռնափոխադրողներն անհանգստացած են Ռուսաստանի օր-օրի ավելացող սահմանափակումներից: Այսօր «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Այս անգամ խոսքը հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի ու նաև կորիզավոր մրգերի մասին է։ Ավելի վաղ էլի բանջարեղենի այլ տեսակներ, մի շարք ընկերությունների ձկնամթերք ու «Ջերմուկ» հանքային ջուրն էր արգելվել:

Վարորդները շեշտում են՝ իրենց պահանջները քաղաքական չեն, ու անգամ խնդրում են իրենց չկապել քաղաքական պայքարի դուրս եկած որևէ ուժի հետ, բայց միևնույն ժամանակ նշում են՝ իրավիճակը շատ է սրված, լուրջ խնդիրների առաջ են կանգնել, Կառավարությունից քայլեր են սպասում՝ գոնե վարկերը սառեցնելու միջոցով:

«Մենք եթե ինչ-որ մի հատ վիդեո ենք քցում, ասում են՝ էսի սրա մարդն ա, էնի նրա մարդն ա... Չէ, մենք ոչ մեկի մարդը չենք, մենք վարորդներ ենք, ... հաց ենք աշխատում, տուն ենք պահում: Կարելի ա ուղղակի կայացնել նենց քաղաքական որոշումներ, որպեսզի տնտեսությունը չտուժի», - ասաց Արմեն Այրումյան՝ շարունակելով. - «Մարդիկ էսօր վարկ են վեկալել, տուն են գրավ դրել, ջերմոց են դրել, ծաղիկ են աճացնում, միրգ են աճացնում, բանջարեղեն են աճացնում, բայց էսօր չգիտես ինչի տուժում ենք մենք»:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում հայտարարեց, թե Հայաստանից արտահանողների համար նոր շուկաներ են գտել դեպի Եվրոպա: Ասաց՝ արդեն որոշ բեռնափոխադրողներ ճանապարհ են ընկել, բայց երկրների անուններ չտվեց:

Մինչդեռ վերևներից հնչող այս գրավիչ հայտարարությունն այնքան էլ հույս չի տալիս հարցի լուծման սպասող բեռնափոխադրողներին:

Նարեկ Եղիյանը ցույց է տալիս իր 2018 թվականի արտադրության բեռնատարը, որը, ըստ նրա, Եվրոպա չի կարող հասնել՝ այնտեղ բոլորովին այլ պահանջներ են՝ մեծ հարկեր ու վճարներ, թանկարժեք ապահովագրություն. Հայաստանից միայն մեծ ընկերությունները դրա հնարավորությունը կունենան: Հազարավոր վարորդներ դարձյալ լուսանցքում կմնան, ասում է:

«Մենք ուրախ ենք, որ մեր պետությունը այլընտրանքային այլ ճանապարհներ ա ... բայց էդ ճանապարհները ունեն հարցեր, ու էդ հարցերը շատ են: Թող մեզ ընդունեն, գան, մեր հետ խոսեն, մենք մեր հարցերը տանք, ոչ թե տենց դրսից էնքան ա որ հայտարարություններով հանդես գանք», - ասաց բեռնափոխադրողը:

Բացի այդ, թերահավատ են, թե Եվրոպայում սպասում են հայկական արտադրանքին.

«Բա խի՞ չգտավ Եվրոպայում շուկա Վրաստանը, հետո փոշմանեց, Ռուսաստանի հետ սկսեց եղբայրական քայլեր ձեռնարկել: Իսկ մենք նոր պիտի Եվրոպա շուկա ման գա՞նք, ի՞նչ ենք վաճառելու ընդեղ, պոմիդո՞ր, Իսպանիան թողելու ա մենք Եվրոպայում պոմիդոր վաճառե՞նք, Բուլղարիան թողելու ա մենք բիբար վաճառե՞նք, թե՞ Ֆրանսիան ա թողելու կոնյակ վաճառենք»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև խոստացել է, թե կսուբսիդավորեն Ռուսաստանի սահմանափակումներից տուժած գործարարներին: Վարորդներին դեռևս անհասկանալի է՝ ով է օգտվելու կառավարության այդ արտոնությունից, երբ կգործի, ինչ չափով, ու որքան դա կծածկի իրենց վնասները:

Բագրատաշենի անցակետի մոտ հավաքված վարորդներին անընդհատ վերահսկում են Տավուշի բարձրաստիճան ոստիկաններ, նրանց հետ զրույցներ ունենում՝ փորձելով կանխել հնարավոր բողոքի ակցիաները:

Այսօր միջպետական ավտոճանապարհ փակելու փորձեր արեցին նաև Բավրայի անցակետում, բայց ռուսաստանյան շուկաներից զրկված բեռնատարների վարորդների ակցիան չհաջողվեց՝ ոստիկանների միջամտությամբ: Այնտեղ ևս վարորդները հայտարարում են, թե բեռնափոխադրող ընկերությունները նախապատվությունը տալիս են ոչ թե Հայաստանում հաշվառված, այլ երրորդ երկրներից եկած վարորդներին, վերջիններս ավելի էժան են իրականացնում բեռնափոխադրումը, քանի որ հարկերից ազատված են: Ստացվում է՝ հայաստանցի վարորդներն անհավասար մրցակցության առաջ են կանգնած: Դեռ ամիսներ առաջ են այս հարցը բարձրացրել Կառավարության առաջ, բայց լուծում այդպես էլ չի տրվել.

«Օրինակ, ես եթե բեռնափոխադրող եմ, նույն բեռը կարում եմ տեղափոխեմ, օրինակ, 2 հազար դոլարով, երրորդ երկրի քաղաքացին նույն բեռը, առանց հարկերը վճարելու, որովհետև չունի էդ պարտավորվածությունը, կարում ա արտահանի երկրից 1500 դոլարով: Այսինքն՝ 500 դոլար ինքը ինձանից էժան կարա բարձի գնա, այսինքն՝ մեր հայ լոգիստներին էլ ձեռ ա տալիս, որ 500 դոլարով ավելի էժանով բեռը դուրս գա երկրից»:

«Մեր խնդրանքն է՝ թող վերանայի մեր Կառավարությունը՝ իրանք էլ վճարեն հարկեր, և ըստ այդմ էդ ամեն ինչը կդառնա վերահսկելի»:

Բագրատաշենի անցակետին մոտ կիլոմետրերով շարված բեռնատարների վարորդների մի մասը հեռացան՝ անորոշության մեջ, մյուսները մի քանի րոպեով կարողացան արգելափակել երթևեկությունը: Ասում են՝ դեռ կմնան այստեղ, գուցե նաև գիշերներով, մինչև իրենց հարցը լուծվի: Շեշտում են՝ որևէ պաշտոնյա հանդիպելու իրենց առաջարկները դեռ չի ընդունել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG