Մինչ արմավիրցի ֆերմերները Հայաստանի դեմ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքներն են քննարկում, շուրջ տասն օր ռուսական սահմանին կանգնած բեռնատարներից 8-ը տոննաներով պղպեղով Հայաստան են վերադառնում:
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ պատճառաբանելով, թե խախտումներ են հայտնաբերել:
«Հնարավորին ու անհնարին ինչ փորձություն կար, մեջով անցանք՝ էլ ամբողջ մեքենան դատարկեցին, կշռեցին, ֆիտոսանիտարական ստուգում անցանք, որ բեռը հիվանդ էր, բայց Հայաստանում մենք ստացել էինք թույլտվություն, որ բեռը չունի ոչ մի հիվանդություն», - ասաց ֆերմերներից մեկը:
Հակոբ Թորոսյանը աճեցրած մթերքը ցերեկը շուկա է բերում, գիշերն ու լուսադեմին իր ջերմոցում աշխատում: Լսել է, որ խոշոր ընկերությունների բեռնատարները տոննաներով բիբարը հետ են բերում Հայաստան, անհանգստացած է՝ դա նաև իր աճեցրած պղպեղը գնի վրա կազդի: Նույնը նաև կողքի ֆերմերներն են ասում:
«Էդ հետ եկածը, որ շուկա մտավ, կոպեկով էլ չես կարա վաճառես, դե բնական է պիտի լճացում լինի, էժանացում լինի», - ասաց Թորոսյանը:
Ռուսաստանը արգելել է նաև հայկական ելակի մուտքն իր շուկա: Արմավիրի մարզի գյուղերի ճամփեզրին իրենց աճեցրած ելակը վաճառող գյուղացիներից ոմանք, սակայն, պնդում են՝ Ռուսաստանի սանկցիաներն իրենց չի վախեցնի, թեկուզ, եթե տնտեսական վնասներ կրեն:
«Ընդեղ ծաղիկն արդեն թանկացել ա, հեսա լոլիկն էլ կթանկանա, ելակն էլ կթանկանա: Էս ժողովուրդն ա Պուտինի հերն անիծելու հիմա: Մի քիչ կնեղվեն, զատո Ռուսաստանից կպրծնենք, Ռուսաստանը թող իր մենաշնորհը չծախի, որ մենակ էդ գիծն ա աշխատելու: Փառք Աստծուն, հիմա աշխարհը բաց ա մեր առաջ, ով կպատկերացներ, որ 40 եվրոպական երկրի լիդրեներ կգան այստեղ, ուրեմն կարևորվում ա մեր երկիրը», - ասաց բնակիչներից մեկը
Որ երկրի շահը կարևոր է, մեր մյուս զրուցակիցներն էլ են պնդում, բայց պաշտոնյաներին են հարցնում՝ իրենք ինչպե՞ս ապրեն, եթե ապրանքը Հայաստանին համար ամենամեծ շուկայում՝ Ռուսաստանում չեն ընդունում իրենց աճեցրած միրգ-բանջարեղենը, իսկ երկրի ներսում այդ ծավալը չեն կարող իրացնել: «Վարկերով միլիոնների ներդրում ենք արել, դրանք ինչպե՞ս փակենք»,- հարցնում են նրանք:
«Երկրի շահն առաջնային ա, բայց երկրի շահի մեջ արդյոք չի՞ մտնում բնակչության ապահովումը, չէ, որ ղեկավար ենք մենք ընտրում... դե, չէ, թող ինքը գա հող մշակի, ես գնամ ղեկավար», - ասաց մեկ այլ քաղաքացի:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողներին ասել է՝ կառավարությունը կփոխհատուցի այն ընկերությունների տրանսպորտային ծախսերն ու մաքսատուրքերը, որոնք իրենց արտադրանքը կտանեն ԵՄ ու Մերձավոր Արևելք: Ըստ նախարարի՝ խոսքը նաև միրգ-բանջարեղեն արտահանողների մասին է:
Արմավիրցի ֆերմերներն ասում են՝ օրեր շարունակ լսում են իշխանությունների հայտարարությունները, որ երկաթուղային արտահանման հնարավորություններն արդեն բաց են: Բայց հարցնում են՝ թարմ միրգ-բանջարեղենն ինչպե՞ս գնացքով արտահանեն: Ոմանք էլ կարծում են՝ այդ հարցն էլ շուտով կլուծվի:
Ի դեպ, «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները, որ մեկ շաբաթով Հայաստան էին եկել ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգումներ անցկացրել Հայաստանի 8 ջերմոցներում և 4 ձկնաբուծական տնտեսություններում, ռուսական շուկան կրկին բացել են ձուկ արտահանող միայն երկու ընկերության համար։ Մյուս 2-ի դեպքում արգելքը պահպանվել է, քանի որ նրանք, ըստ գերատեսչության, հրաժարվել են ստուգում անցնել։
Այսօր «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումը՝ բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների։
Մինչ պաշտոնական Մոսկվան գրեթե ամեն օր հիշեցնում է Հայաստանին, որ չի կարող ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուն զուգահեռ նաև ԵԱՏՄ-ում մնալ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի ղեկավարները, միանալով Պուտինին, Հայաստանում հանրաքվե անցկացնելու կոչ են անում, էկոնոմիկայի նախարարը պնդում է՝ խնդիրները տեխնիկական են և կլուծվեն խորհրդարանական ընտրություններից հետո: