«Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանվող ձկան և ձկնատեսակների անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ընկերությունների համար՝ բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը», ըստ Ինտերֆաքսի, հայտնել են Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ից։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է այն ստուգումների արդյունքներում, որոնք ռուսական ծառայության մասնագետներն իրականացրել են Հայաստանի ձկնաբուծարարններում ու ձկան վերամշակման ձեռնարկություններում։
Ստուգումների արդյունքները գնահատվել են որպես անբավարար։ Ռուսական կողմը նաև նշում է, որ ձեռնարկությունների մոտ կեսը հրաժարվել է ստուգում անցնելուց։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը ՌԴ:
Հայաստանյան մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են, ավելի վաղ հայտարարել էր ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: