Մատչելիության հղումներ

Կառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. Փաշինյան

Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի մտցրած սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին, որոնք անարդարության են բախվել, այսինքն նրանց անտեղի խախտումներ են վերագրվել, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ բիզնեսների ներկայացուցիչները այլ շուկա արտահանելու հարցով հանդիպման են մասնակցել և արդեն պայմանավորվածություններ կան:

«Երբեմն ապրանքներ լինում են, որ որակի ստանդարտին չեն համապատասխանում: Մենք էդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրենց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի: Մյուսների դեպքում, երբ կա անարդարություն, կանենք աջակցության ծրագրեր, որպեսզի այն, ինչ պետք է արտահանվեր ու չի արտահանվել, այդ ապրանքների դեպքում սուբսիդավրոման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն», - հայտարարեց վարչապետը:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Մինչ պաշտոնական Մոսկվան գրեթե ամեն օր հիշեցնում է Հայաստանին, որ չի կարող ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուն զուգահեռ նաև ԵԱՏՄ-ում մնալ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի ղեկավարները, միանալով Պուտինին, Հայաստանում հանրաքվե անցկացնելու կոչ են անում, էկոնոմիկայի նախարարը պնդում է՝ խնդիրները տեխնիկական են և կլուծվեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Վարչապետ Փաշինյանն էլ նախօրեին հավաստիացրել է, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ. «Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում: Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»:

XS
SM
MD
LG