ԱՄՆ-ն և Իրանն այսօր Ժնևում Օմանի միջնորդությամբ անցկացնում են բանակցությունների երրորդ փուլը՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը և կանխելու Միացյալ Նահանգների հնարավոր հարվածները, որը վերջին շաբաթներին մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Մերձավոր Արևելքում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանի արտգործնախարարին է հանձնել Թեհրանի առաջարկները, որպեսզի դրանք փոխանցի ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։
Իրանական պետական լրատվամիջոց IRNA-ի հաղորդմամբ, առաջարկները նպատակ ունեն ստուգել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված: Եթե ԱՄՆ-ն մերժի դրանք, դրանով կհաստատի Թեհրանի կասկածները, որ մտադիր չէ խնդիրը լուծել դիվանագիտությամբ:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ օրակարգում երեք գլխավոր հարց է՝ ինչ աստիճանի կարող է Իրանը հարստացնել ուրանը, ի՞նչ անել արդեն հարստացվածի հետ, և ստեղծել միջուկային ծրագրի թափանցիկությությունն ապահովող մեխանիզմ:
Աբբաս Արաղչին Ժնև մեկնելուց առաջ ասել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է «արդար համաձայնության» հասնել: Սակայն Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից:
«Մենք պատրաստ ենք պատասխանել հարցերին։ Պատրաստ ենք վերացնել մտահոգությունները, բայց պատրաստ չենք հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մեր իրավունքից։ Սա է մեր պահանջը», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Արաղչին նաև ասել է, որ ԱՄՆ-ն տարածաշրանում մի շարք բազաներ ունի ու եթե պատերազմ սկսի Իրանի դեմ, դա կլինի ավերիչ պատերազմ, որից ոչ ոք հաղթող դուրս չի գա: «Այնպես որ, դա շատ սարսափելի սցենար է», - զգուշացրել է նա:
Հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ: Նույնը երեկ կրկնել է փոխնախագահը: Ջեյ Դի Վենսն ասել է, թե ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել, իսկ դա խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար:
«Մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա։ Այսպիսով, նախագահն ուղարկում է իր բանակցողներին այդ խնդիրը լուծելու համար: Նախագահը բազմիցս է ասել, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտությամբ։ Բայց, իհարկե, նախագահն ունի նաև այլ տարբերակներ», - հայտարարել է Վենսը:
ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրին զուգահեռ՝ Իրանը նաև փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել, որոնք սպառնալիք են ամերիկյան բազաների համար: Ավելին, ըստ Մարկո Ռուբիոյի, դրանք կարող են հասնել նաև ԱՄՆ, ինչը «լուրջ սպառնալիք» է երկրի համար:
«Նրանք արդեն ունեն հրթիռներ, որոնք սպառնում են ամերիկյան շահերին։ Նրանք ունեն հազարավոր կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին ... Սա արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիք է», - պնդեել է Ռուբիոն:
Իրանի նախագահն էլ ասել է, թե Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, քանզի երկրի հոգևոր առաջնորդն արգելել է դա: Մասուդ Փեզեշքիանը նաև պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե Իրանը ահաբեկչության գլոբալ հովանավոր է: Նա ասել է, որ Իրանը ոչ միայն ահաբեկչության հովանավոր չէ, այլև դրա գլխավոր զոհերից մեկն է:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին մի քանի երկրներ սկսել են Մերձավոր Արևելքի որոշ երկրներում իրենց դիվանագիտական անձնակազմի մի մասին դուրս բերել, քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել Իրան մեկնելուց։