Իրանի արտգործնախարարությունը հերքել է Միացյալ Նահանգների հայտարարությունները իր հրթիռային ծրագրի վերաբերյալ՝ դրանք անվանելով «մեծ ստեր», այն բանից հետո, երբ նախագահ Թրամփն ասել է, թե Թեհրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ին։
«Ինչ էլ որ նրանք պնդում են Իրանի միջուկային ծրագրի, Իրանի բալիստիկ հրթիռների և հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ, պարզապես «մեծ ստերի» կրկնություն է»,- X- ում գրել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Այս ամսվա սկզբին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանը չունի Միացյալ Նահանգներին հարվածելու կարողություն, սակայն կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, եթե Վաշինգտոնը հարձակում սկսի։
Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նաև վերահաստատել էր, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել։ Իրանը բազմիցս է հերքել, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել, սակայն պնդում է, որ միջուկային տեխնոլոգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունք ունի։
Թրամփի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու նպատակով բանակցությունների երկու փուլ, իսկ երրորդ փուլը նախատեսված է վաղը՝ փետրվարի 26-ին։