Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը ՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը», - ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում, փոխանցում է «Ակոս»-ը։

Սիմոնյանը պնդել է, թե Բաքուն մի կողմից բանակցում է Երևանի հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցել։ «Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է», - ասել է Հայաստանի ԱԺ նախագահը Թուրքիայում աշխատող հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը, հնարավո՞ր է՝ Անկարան սպասում է հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Սիմոնյանն ասել է. - «Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչի են սպասում։ Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Հետո նրանք հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ապա բարձրացրին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հարցը։ Մենք բանակցեցինք համաձայնագրի շուրջ. դա դժվար և երկարատև գործընթաց էր, բայց մենք համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, հանդիպեցինք այն նախաստորագրելու համար, ձեռք սեղմեցինք, և, միևնույն է, սահմանի բացումը չստացվեց»։

Սիմոնյանը պնդել է, թե թուրք գործընկերները իր հետ զրույցում «շատ բան չունեն ասելու. վեճեր չկան»։ «Կրկնում եմ՝ սա լոբբինգի արդյունք է։ Թուրքիան այս ազդեցության գերին է»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը մինչ օրս բազմիցս են հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցնում են Բաքվի հետ: «Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք փուլ առ փուլ առաջ ենք տանում հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - անցած շաբաթ կրկնել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Երևանն ու Անկարան չորս տարի է՝ 2022-ից բանակցում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, սակայն, դեռ մնում է թղթի վրա։ Երևանից հայտարարում են՝ Հայաստանը պատրաստ է, գնդակը Թուրքիայի դաշտում է։

Այդ անորոշության ֆոնին՝ անցած չորս տարում առաջին անգամ, Հայաստանը այս տարի որոշեց Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին մասնակցել ոչ թե արտգործնախարարի, այլ՝ փոխարտգործնախարարի մակարդակով։ Այս տարի Թուրքիա չմեկնեց նաև հայ-թուրքական հաշտեցման հարցով գլխավոր բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG