Մատչելիության հղումներ

Ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Էկոնոմիկայի նախարար


Բենզինով բեռնված գնացքը Ադրբեջանից ժամանել է Հայաստան, դեկտեմբերի 19,2025 թ.:
Բենզինով բեռնված գնացքը Ադրբեջանից ժամանել է Հայաստան, դեկտեմբերի 19,2025 թ.:

Ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում: Ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ երկրորդ խմբաքանակով մի քանի հազար տոննա նավթամթերք կմտնի Հայաստան, այդ թվում՝ պրեմիում և ռեգուլյար տեսակի բենզին ու դիզելային վառելիք:

Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական ավելի էժան վառելիք են ներկրում նույն ընկերությունները, արդյոք իրենց համար ընդունելի գործարարների միջոցով են խթանում հայ-ադրբեջանական առևտուրը:

Ներկրողներից մեկը Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդ»-ն է, իսկ Shisha World-ը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում: Ի դեպ, Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխված ղազախական ցորենը նույնպես Սամվել Ալեքսանյանի ընկերությունն էր բերել:

«Ով ցանկանա, կարող է Ադրբեջանից բենզին բերել, վստահեցնում է ՔՊ-ական նախարարը.

«Բանակցությունների վրա է, ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, ես կարծում եմ, որ պետք է մյուս ներմուծողներն իրենք բանակցեն և իրենց ավելի էժան գին ստանան»,- Էկոնոմիկայի նախարարի այս խոսքերից մի քանի ժամ անց, սակայն, Պապոյանի անմիջական ղեկավարը բաց տեքստով հայտարարեց՝ վառելիք ներկրող ընկերությունների միջև ընտրություն են կատարել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հաստատեց՝ իշխանություններն այս դեպքում միջամտել են.

«Փոխվարչապետի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը, արտահայտել է պատրաստակամությունն Ադրբեջանի վաճառել նավթամթերք: Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը, էն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ, օրինակ՝ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև և այլն և այլն, մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չթաքցրեց՝ ի սկզբանե, ադրբեջանական վառելիք ներկրելու հնարավորության մասին միայն իրենց նախընտրած ընկերություններին են հայտնել, նա, սակայն, միևնույն ժամանակ վստահեցնում է, թե շուկան բոլորի համար բաց է. «Ով ուզենա, կարող է դրանից օգտվել, այսինքն՝ որևէ ուրիշ այլ սահմանափակում չկա», - ընդգծեց Փաշինյանը:

Արյդոք իշխանությունների այս քայլը՝ ընկերությունների հանդեպ տարբերակված մոտեցումը հակամրցակցային գործողություն չէ մյուս խոշոր խաղացողների նկատմամբ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակի հետ այսօր կապ հաստատել չկարողացանք, նրա հեռախոսն անջատված է, նամակին էլ չի պատասխանել:

Անցած ամիս առաջին խմբաքանակով միայն պրեմիում տեսակի բենզին էր Հայաստան հասել, վաճառում էին այս տեսակի բենզինի գներից մոտ 100 դրամ էժան, կառավարությունում կարծում են՝ երկրորդ խմբաքանակի դեպքում էլ գինը մոտ 80 դրամով ցածր կլինի:


XS
SM
MD
LG