«Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով», - այսօր ժամը 13-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է», - ընդգծել է նախարարը:
Ադրբեջանական Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը երեկ է Ադրբեջանից ուղևորվել դեպի Հայաստան:
Ադրբեջանական կողմը նույն օրը տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ադրբեջանական բենզինի արտահանումը դեպի Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում: Գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, իսկ բենզինը վաճառվել է միջազգային շուկայական գներին համապատասխան:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը կամ ընկերություններն իրենք են որոշել առաջին խմբաքանակը հենց այդ չափով ներկրել: Պապոյանը, սակայն, առայժմ չի հայտնում, թե ով կամ ովքեր են են Հայաստան ադրբեջանական վառելիք ներկրում:
Ադրբեջանից Հայաստան ուղևորված բենզինի առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը գումար չի գանձի՝ իբրև ժեստ՝ ուղղված խաղաղության գործընթացին: