Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է


Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը, դեկտեմբերի 19,2025թ.
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը, դեկտեմբերի 19,2025թ.

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի:
Վրացական երկաթուղով Ադրբեջանից դեպի Հայաստան նախ ղազախական ու ռուսականի ցորենի, ապա նաև ադրբեջանական բենզինի ներկրումից հետո հայկական կողմը Բաքվին առաջարկում է առևտրաշրջանառությունը ուղիղ կազմակերպել:

Այժմ Ադրբեջանից ներկրումներ իրականացնող հայաստանյան ընկերությունները վրացական երկաթուղուն տարանցման սակագին պետք է վճարեն, ինչը էականորեն կարող է ազդել ապրանքների գնագոյացման վրա:

Ընդ որում, Գևորգ Պապոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ բեռների տարանցման համար վրացական կողմի առաջարկած նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:

Վարչապետ Փաշինյանը վերջերս անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:

Ըստ էության, նախարար Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին, նշելով.

«Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամաքային սահմանով գա: Իմ կարծիքով դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան»:

Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի այս առաջարկին, ապա կարող են փոխադարձ առևտրի այդ եղանակին անցնել:

«Ինչքան գիտեմ հերթի տակ վաճառում են» .Պապոյան

Մինչ Բաքվից կարձագանքեն Երևանից հնչած առաջարկին, Հայաստանում արդեն 2-րդ օրն է վաճառվում է Ադրբեջանից գնված բենզինը: Ադրբեջանական վառելիքը գնած ընկերություններից մեկը՝ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդը», «Ազատությանը» փոխանցեց, որ սակագնի իջեցման պատճառով բենզինի իրենց վաճառքը կտրուկ աճել է:
«Ռան օյլ»-ը, որ «Սիլ կոնցեռնի» կազմում է, ադրբեջանական պրեմիում տեսակի մեկ լիտր բենզինը 520-ի փոխարեն 2 օր է՝ վաճառում է 430 դրամով:

«Կարող եմ փաստել, որ նախկինի համեմատ վաճառքի ծավալներն արդեն քառապատկվել են» ,- ասաց Կարեն Հայրիյանը՝ նշելով, որ ինչպես և սպասում էր, ապրանքի ծագումը որոշիչ ազդեցություն չի կարող թողնել:

Թեև ընդդիմադիր մի շարք գործիչներ կոչ էին արել բոյկետել ադրբեջանական վառելիքը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս համոզված է՝ բենզինի ադրբեջանական ծագումը չի կարող վաճառքի համար խանգարող հանգամանք լինել: Պապոյանն ընդգծում է՝ շուկայում ամենալավ վաճառք ունեցող հագուստի խանութների մեջ առաջատար տեղ ունեն թուրքական բրենդները:

«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ ադրբեջանականի գործոնը վնաս հասցնի օրինակ բենզին ներկրած ընկերությանը:

Էկոնոմիկայի նախարար.- «Ինչքան գիտեմ՝ հերթի տակ վաճառում են, հնարվոր չէ: 3 հոգի դրա մասին գրում է, 300 հոգի էլ գնում է, որպեսզի 90 դրամ էժան բենզին գնի»:

Ադրբեջանական բենզինի ներկայիս ցածր սակագնի վրա, իհարկե, էապես ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի մեկանգամյա անվճար տարանցումը: Թե ինչ գին կսահմանի վրացական երկաթուղին հաջորդ բեռնափոխադրման համար, այս պահին անհայտ է:
«Մեգա Թրեյդի» տնօրենն ասաց, որ դեռևս վրացական կողմից պաշտոնական գնառաջարկ չեն ստացել:

Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանի մերձավորը թաքցնում ադրբեջանական բենզինի գնումը

Եթե Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդը» բացահայտ հայտարարում է, թե որտեղ և ինչ գնով է վաճառում Ադրբեջանից գնված 600 տոննա բենզինը, ապա մյուս 600 տոննան ներկրած նորահայտ կազմակերպությունը՝ «Shisha World»-ը դեռ լռություն է պահպանում : Հանրությանն անհայտ է՝ ի՞նչ սակագնով և որտե՞ղ է իրացնում ադրբեջանական բենզինն այս ընկերությունը:

«Shisha World»-ը պատկանում է 24-ամյա մի երիտասարդի՝ Սամվել Մկրտչյանին, ով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է:

Թե ինչպես է հաջողվել վառելիքի շուկայում անհայտ այս ընկերության 24-ամյա սեփականատիրոջն ադրբեջանական բենզին ներկրել, պարզ չէ:

Սամվել Ալեքսանյանը, որ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ, ընդ որում, թե՛ նախկին, և թե՛ ներկա, առայժմ որևէ կերպ չի արձագանքել իր անվան հետ կապվող այս գործարքին:

Նրա աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարկել, վստահեցրեց, թե «ադրբեջանական բենզինի ներկրման հետ Ալեքսանյանը կապ չունի, թեև գնորդը նրա բարեկամն է:

«Ազատության» տեղեկություններով՝ չի բացառվում, որ «Shisha World»-ը ադրբեջանական վառելիքի վաճառքը այլ կազմակերպության միջոցով իրականացնի, այսինքն՝ վերավաճառի բենզինը:

«Մեգա Թրեյդի» տնօրենը փոխանցեց, որ այս պահին վաճառում են իրենց ներկրածը, բայց եթե մյուս ներմուծողը ցանկանա իրենց վերավաճառել վառելիք և դա ձեռնտու գործարք լինի, ապա որևէ խնդիր չեն տեսնում:

«Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». Փաշինյան

Մինչ Հայաստանում ակտիվ քննարկում են ադրբեջանական բենզինի վաճառքը և հնարավոր այլ ապրանքների ներկրումը, վարչապետ Փաշինյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի: Թե ինչ ապրանքատեսակներ կարող են Հայաստանից Ադրբեջան արտահանվել, Փաշինյանը չմանրամասնեց:

«Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել: Շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը, և ուզում եմ ցույց տալ, ցույց եմ տալիս, հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է: Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչաձևեր: Ես հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ... այսինքն՝ հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա: Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում էլ կլինի», - կառավարության նիստից հետո ասաց վարչապետ Փաշինյանը:

Ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան. «ֆերոմոլիբդենից մինչև ձկնամթերք»

Իսկ ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը դեպի Ադրբեջան: «Ազատության» այս հարցին ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ կան այդպիսի ապրանքներ՝ «գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ,ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք և այլն»:

«Այսինքն` նայել ենք Ադրբեջանի ներմուծումը, նայել ենք մեր արտահանումը, կարծում ենք, որ կան ապրանքներ, որոնց կարիքը ադրբեջանական շուկան ունի, և եթե մեր գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջարկի, ես կարծում եմ, որ անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի», - ասում է Էկոնոմիկայի նախարարը:

Կա՞ն արդեն կոկրետ պայմանավորվածություններ Հայաստանից Ադրբեջան արտահանվելիք ապրանքերի շուրջ: Գևորգ Պապոյանն ասաց, որ երբ ադրբեջանական կողմը կոնկրետ հայտարարություն կանի, դրան նոր կհետևի հայկական կողմի հաստատումը:

XS
SM
MD
LG