Մատչելիության հղումներ

Քուշներ. Ուկրաինան չի ուզում տարածքներ տալ, պետք է գտնել ճիշտ բանաձևը

ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներ, արխիվ
ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներ, արխիվ

Տարածքային հարցն ամենաբարդն է մնում Ուկրաինայում խաղաղության շուրջ համաձայնությունների հասնելու ճանապարհին, հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ով մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի հետ այցելել էր Մոսկվա և Կիև:

«Մեր՝ որպես միջնորդների, խնդիրն է գտնել կրեատիվ որոշում, որը չի խախտում Ուկրաինայի շահերը», - հայտարարել է Քուշները՝ տեսակապով միանալով YES Annual Meeting 2026 համաժողովին և պատասխանելով ֆորումի հիմնադիր, ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկի հարցերին:

«Նախագահ Պուտինը ներկայացրել է իր դիրքորոշումը, թե ինչի է ուզում հասնել: Եթե Ուկրաինան ցանկանար զիջումների գնալ այդ հարցում, մենք արդեն կհամաձայնեցնեինք համաձայնագրի մնացած կետերը: Սակայն Ուկրաինան այժմ չի ուզում դա անել», - նշել է ԱՄՆ նախագահի փեսան:

Նրա խոսքով՝ վերջին ինն ամիսներին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում ԱՄՆ-ին հաջողվել է առաջ շարժվել «գործարքի մնացած մասի» ձևավորման հարցում, որն ուղղակիորեն չի առնչվում տարածքային հարցերին:

Ռուսների պաշտոնական պահանջները ներառում են Ռուսաստանին Ուկրաինայի չորս մարզերի, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի փոխանցումը: Ընդ որում, Ռուսաստանի ներկայացուցիչներն ակնարկել են, թե Ալյասկայի գագաթնաժողովում Պուտինը պահանջել է միայն Դոնբասը, իսկ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում համաձայնել է սառեցման ռազմաճակատի երկայնքով: Կիևը համաձայն չէ Ռուսաստանին տարածքներ հանձնել:

Քուշների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կկարողանա համոզել կողմերին ավարտել պատերազմը տնտեսական խթանների հիման վրա. - «Դա այն է, ինչը ներգրավում է հասարակությանը խաղաղ գործընթացում և դառնում է անվտանգության լավագույն երաշխիքը»:

Թրամփի փեսան ընդգծել է, որ միջնորդների կարծիքով՝ երկու կողմերն էլ ցանկանում են խաղաղություն կնքել, սակայն առայժմ չեն կարողանում համաձայնեցնել պարամետրերը: «Մեզ ուղղակի պետք է գտնել ճիշտ բանաձևը, որը ձեռնտու կլինի բոլորին», - հայտարարել է Ջարեդ Քուշները:

Քուշների և Ուիթքոֆի Մոսկվա և Կիև վերջին այցից հետո ակտիվացել են քննարկումները եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ:




XS
SM
MD
LG