Մոսկվան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին է դիտարկում որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների նախընտրելի վայր, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պետական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուշակովն ասել է, որ ուկրաինական կողմի հետ շփումները շարունակվում են, սակայն ներկայումս քննարկվում է նախկին բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Նախագահի օգնականը նշել է, որ ռուսական կողմն այս հարցը քննարկել է նաև ամերիկացի գործընկերների հետ։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախորդ եռակողմ բանակցությունները տեղի էին ունեցել հենց Աբու Դաբիում երկու փուլով՝ 2026-ի հունվարի 23-24-ը և փետրվարի 4-5-ը։ Հաջորդ փուլը տեղի ունեցավ Ժնևում՝ փետրվարի 17-18-ը, սակայն էական համաձայնությունների կողմերը չհասան։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկյան կողմը ներկայումս լուրջ աշխատանք է տանում Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունները կվերսկսվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», - նշել է Պեսկովը։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 5-6-ը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այցելել էին Մոսկվա, ապա՝ Կիև, որտեղ բանակցել էին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարել էին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին: Ուկրաինայի նախագահը ևս կողմ էր արտահայտվել:
Սեպտեմբերի 8-ին էլ տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Թրամփի բանագնացների Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ: Ուշակովն այդ ժամանակ հայտնել էր, որ առաջնորդների զրույցը դրական է անցել, և նրանք «պայմանավորվել են կապի մեջ մնալ ու անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով զանգահարել իրար»: