Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերի 20-ի սահմաններում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ նախատեսում է բարձրացնել հակաօդային պաշտպանության համակարգերի համար ամերիկյան հրթիռների մատակարարման հարցը: Ամերիկյան կողմը, ըստ նրա, արդեն գիտի՝ ինչ հրթիռներ և երբ են պետք Ուկրաինային:
Ուկրաինան ձգտում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալ ձմռանն ընդառաջ, որպեսզի կարողանա դիմակայել ռուսական հնարավոր հարձակումներին:
Զելենսկին հավելել է, որ կողմերը շարժվում են «բանակցությունների եռակողմ ձևաչափի ուղղությամբ»: Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ չի կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ Վաշինգտոնի հետ պայմանավորվել են նախ պատրաստել առաջարկները, ապա պատմել դրանց մասին հանրությանը:
Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին: