Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել. Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ մեկ ժամ տևած զրույցը «կառուցողական էր և անկեղծ»:

Ըստ Ուշակովի՝ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիֆ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ: Նաև Պուտինը Թրամփին ներկայացրել է պատերազմում տեղի ունեցողի «օբյեկտիվ և հանգամանալից վերլուծություն» ու վստահեցրել է, որ Կրեմլի «մտքում անգամ չկան ագրեսիվ պլաններ Եվրոպայի նկատմամբ», - նշել է ՌԴ նախագահի օգնականը:

«Հաշվի առնելով շահարկումները եվրոպական պետությունների դեմ Ռուսաստանի իբր ունեցած թշնամական մտադրությունների վերաբերյալ, ընդգծվել է, որ մեր մտքում անգամ չկան որևէ ագրեսիվ պլաններ Եվրոպայի նկատմամբ», - ասել է Ուշակովը:

Բացի այդ, ըստ նրա, Պուտինը «նշել է Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուսաստանցի և ուկրաինացի երեխաներին վերադարձնելու ընտանիքներ», և «դրական է գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը»:

Ուշակովի վկայությամբ՝ առաջնորդների զրույցը դրական է անցել, և երկու երկրների նախագահները «պայմանավորվել են կապի մեջ մնալ ու անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով զանգահարել իրար»:

Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին դեռ չի հաղորդել:

Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:


XS
SM
MD
LG