Ռուսաստանը անցած գիշեր հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին: Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունների փոխանցմամբ՝ երեք մարդ զոհվել է: Փրկարարները փլատակներից դուրս են բերել նրանց մարմինները:
«Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Իմ հետևում այդ հարվածների հետևանքներն են», - «Ազատության» թղթակից Մարյան Քուշնիրը Ուկրաինայի մայրաքաղաքից ներկայացրել է իրավիճակը, որ գիշերը մահաբեր հարձակման է ենթարկվել:
«Ես փրկում էի երեխայիս։ Չգիտեմ՝ ինչ եղավ կատուների հետ։ Ես նրանց չեմ տեսել։ Որդիս ու ես հենց այստեղ էինք պատսպարվել: Մենք կառուցել էինք պողպատից հատուկ կառույց, որպեսզի փլատակների տակ չմնայինք։ Եվ այս դռներն այսօր փրկեցին մեզ», - ասել է Կիևի բնակիչներից Կատերինան:
Հարձակման հետևանքով առնվազն 19 մարդ է վիրավորվել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը տեղեկացրել են, որ Ռուսաստանը 32 թևավոր հրթիռ և 166 անօդաչու է արձակել: Կիևից հայտնել են երկու բալիստիկ հրթիռների խոցման մասին:
Գիշերային հարձակմանը նախորդել էր Սպիտակ տան բանագնացների հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Մոսկվայում էին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Բանակցությունների ընթացքում Մոսկվան համաձայնել էր երեք օրով դադարեցնել պատերազմը, որ սկսել է շուրջ հինգ տարի առաջ: