Մատչելիության հղումներ

Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, 2-ը սեպտեմբերի, 2026 թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, 2-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի նախագահը ցանկանում է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, Սպիտակ տանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից երկու օր անց:

«Նա ուզում է գործարք կնքել, և եթե Զելենսկին նույնպես ցանկանում է գործարք կնքել, դա լավ կլինի»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը «խոչընդոտում է Զելենսկու և Պուտինի միջև առկա ատելությունը»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ մտադիր է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։

Թրամփը Պուտինի հետ սեպտեմբերի 8-ին էր հեռախոսազրույց ունեցել, որը նա գնահատել է «գերազանց»։ Երկու ղեկավարները մտքեր էին փոխանակել Թրամփի բանագնացների Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ և «պայմանավորվել են կապի մեջ մնալ ու անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով զանգահարել իրար»:

Հանգստյան օրերին Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այցելել էին Մոսկվա և Կիև։ Սեպտեմբերի 5-ին նրանք Կրեմլում ավելի քան երեք ժամ բանակցել էին Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը՝ Կիևում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։

Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Մոսկվայում քննարկվել են «հաջորդ քայլերի վերաբերյալ կոնկրետ ծրագրերը, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»։

Ուիթքոֆի և Քուշների այցից հետո Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամության մասին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG