ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները գնացքով ժամանել են Կիև, որտեղ նրանք բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նպատակ ունենալով վերջ դնել հակամարտությանը, որն արդեն հինգերորդ տարին է շարունակվում։
Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բանագնացների և Պուտինի միջև բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ ԱՄՆ ներկայացուցիչները Կրեմլից դուրս են եկել սեպտեմբերի 5-ին՝ մոտավորապես ժամը 23:00-ին։
Ինչ է քննարկվել
Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը, բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
«Նրանք ոչ միայն իրենց ավանդական հետաքրքրությունն են հայտնել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու հարցում, այլև մի շարք գաղափարներ են առաջարկել՝ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ», - ասել է նա՝ մանրամասներ չհայտնելով:
Ուշակովը պնդել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, և որ հակամարտության «արմատական պատճառները» պետք է լուծվեն։ Սա վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարվելուն և ուկրաինական զինված ուժերը փաստացի զինաթափելուն ուղղված քայլերին, ինչպես նաև մի շարք այլ դժգոհություններին։ Կիևը վաղուց մերժել է նման պահանջները։
Պուտինը բանակցությունների մեկնարկին «բարդ» էր բնութագրել այն իրավիճակը, որը նա և ԱՄՆ բանագնացները պետք է քննարկեին բանակցությունների ընթացքում։
ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի «խաղաղության գաղափար», և որ իր բանագնացներն իրենց հետ «պատերազմին վերջ դնելու առաջարկ» են տանում։
«Մենք նրանց ուղարկել ենք՝ տեսնելու՝ արդյոք կարող ենք ինչ-որ բան անել, և հնարավոր է, որ դա իրականացնելու լավ հնարավորություն լինի»,- սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը:
Պատերազմն այժմ արդեն հինգերորդ տարին է շարունակվում այն բանից հետո, երբ Պուտինը 2022 թվականի փետրվարին սկսեց Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։
Դիվանագիտական ակտիվություն
Զելենսկին հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին զրուցել է ամերիկացի բանագնացների հետ։ Նա քիչ մանրամասներ է ներկայացրել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն նշել է, որ «Կիևում ամերիկյան թիմի մասնակցությամբ նախատեսված դիվանագիտական գործունեության ծրագիրը հաստատվել է»։
«Մենք սպասում ենք Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին և պատրաստ ենք բովանդակալից զրույցի», -Telegram-ում գրել է Զելենսկին։
ԱՄՆ-ի բանագնացների այցը Կիև կլինի նրանց առաջին այցը Ուկրաինա այն բանից հետո, երբ նրանք վարչակազմում ստանձնեցին առաջատար դերակատարումներ՝ պատերազմին վերջ դնելու ջանքերում։ Այցը տեղի է ունենում նաև դիվանագիտական նոր ակտիվության ֆոնին, որի նպատակն է հասնել խաղաղության համաձայնագրի։
Պուտինն իր վերջին հայտարարություններում որևէ փոխզիջման պատրաստակամության նշան չի ցուցաբերել։ Մասնավորապես, նա պնդել է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն հաստատի Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի ամբողջ շրջանի նկատմամբ, ներառյալ այն տարածքները, որոնք ռուսական ուժերին չի հաջողվել գրավել տարիներ շարունակվող ծանր մարտերի ընթացքում։
Մինչ բանագնացների՝ ԱՄՆ-ից մեկնելը, Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ», և պահանջել էր, որ Մոսկվան փոխադարձ քայլ կատարի։
Սեպտեմբերի 5-ին բանագնացների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Զելենսկին հայտարարել է, որ «այդ օրվանից մինչև շաբաթ օրվա ավարտը, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, Ուկրաինան պատրաստ է զերծ մնալ Մոսկվայի ուղղությամբ հարվածներից»։
Պուտինն էլ կարգադրել է սեպտեմբերի 6-8-ը դադարեցնել հարվածները Կիևի ուղղությամբ, հայտնել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նա չի հիշատակել Ուկրաինայի մյուս հատվածները, այն պայմաններում, երբ տեղեկություններ էին տարածվում, որ Ռուսաստանը շարունակել է հարձակումներն այլ վայրերում։