Մատչելիության հղումներ

Իրանին ԱՄՆ հարվածների 9-րդ գիշերը․ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվել

Պայթյուններ Իրանում՝ ամերիկյան հարվածների ժամանակ - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 19-ը հուլիսի, 2026թ․
Պայթյուններ Իրանում՝ ամերիկյան հարվածների ժամանակ - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 19-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի մեկ զինծառայող: Երկրորդ ամերիկացի զինծառայողը վիրավորվել է և շարունակում է բուժում ստանալ․ նրա վնասվածքը գնահատվում է թեթև։

Ավելի վաղ էլ հաստատվել էր, որ ուրբաթ օրը ԱՄՆ դաշնակից Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում երկու ամերիկացի զինվոր է զոհվել, ևս մեկն՝ անհետ կորել: Կենտրոնական հրամանատարությունից նախօրեին տեղեկացրել են, որ հարձակման վայրում հայտնաբերվել են «չնույնականացված մասունքներ», և որ «աճյունի ինքնությունը պարզելու փորձաքննությունը շարունակվում է»։

Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր զոհված ԱՄՆ զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 17-ի, ավելի քան 420-ը վիրավորվել են։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «հարվածների նոր ալիք» է սկսել, որի նպատակն է «թուլացնել» Հորմուզի նեղուցով առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։

Զինվորական կառույցի տեղեկացմամբ՝ թիրախավորվել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափամերձ դիտարկման կայանները, ծովային կարողությունները, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները, ինչպես նաև կապի ցանցերը։

«Այս գիշեր նորից շատ ուժեղ հարվածեցինք նրանց, և մենք դա արեցինք՝ ի հիշատակ զոհված ԱՄՆ զինծառայողների», Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալությունը, վկայակոչելով իր թղթակիցներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները հրթիռներ է արձակել Իրանի մի շարք քաղաքների ուղղությամբ։

Պայթյուններ են լսվել մասնավորապես Թավրիզում, Չաբահարում, Բանդար Մահշահրում և Բանդար Իմամ Խոմեյնիում, հաղորդել է լրատվամիջոցը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) էլ իր հերթին հայտարարել է «Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում թշնամու հատուկ գործողությունների շտաբի վրա» անակնկալ հարձակման մասին։

ԻՀՊԿ-ն տեղեկացրել է նաև Հորդանանում ամերիկյան ռազմական օդանավեր հարվածելու մասին։

Հրադադարը խախտելու երկուստեք մեղադրանքներից և վերսկսված փոխհրաձգությունից ի վեր պահպանվում են համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցով երթևեկության շուրջ մտահոգությունները։

Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունը հայտնել է, որ հաղորդում է ստացել Օմանի ափից քիչ հեռու նավի հրդեհման մասին, թեև պատճառն առայժմ հայտնի չէ։

Իսկ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկու նավթատար է պայթել և չեզոքացվել, երբ փորձել են անցնել Հորմուզի նեղուցի, Թեհրանի գնահատմամբ, «անապահով» հարավային երթուղով։

Չմարող լարվածության ֆոնին՝ նավթի գները 3%-ով բարձրացել են։ Brent-ի մեկ բարրելն այսօր ավելի քան 90 դոլարի դիմաց է վաճառվում՝ ամենաթանկ ցուցանիշը հունիսի 11-ից ի վեր։

ԱՄՆ-ն և Իրանն անցյալ շաբաթ ակտիվացրել են հարձակումները՝ մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չեղարկումից հետո։ Կողմերը միմյանց մեղադրում են պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ, ինչը մեծացրել է լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Շաբաթ օրն էլ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր՝ «Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները»։

XS
SM
MD
LG