Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ ԱՄՆ-ի կողմից բազմակի խախտումները ցույց են տվել, որ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը «բացարձակապես արժեք չունի և զուրկ է վստահելիությունից»։
Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրադադարի մասին համաձայնանգիրը խզվեց՝ մեծացնելով լայնածավալ պատերազմի վերսկսման մտավախությունները։
Խամենեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գիտակցի, որ իրանական ժողովուրդը և «դիմադրության ճակատը» իր համար ունեն «անմոռանալի դասեր»։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին էլ այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե «Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին հայտարարեց՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
«Ինձ համար, կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստոր մարդիկ են»,- ասել էր Թրամփը։