Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ վերահաստատելով, որ ՑԱՀԱԼ-ը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտու» դիրքերը։
Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Իսրայելի պնդմամբ՝ դա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարի ռեժիմը։
Ըստ Reuters-ի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարը պահպանվում է շաբաթ տեղական ժամանակով ժամը 18:30-ից, ինչը փոխադարձ հարվածների ամենաերկար դադարն է մարտի 2-ից ի վեր, երբ Լիբանանը ներքաշվեց փետրվարի 28-ին սկիզբ առած մերձավորարևելյան պատերազմում։
Մտավախություն կա, որ Լիբանանում իսրայելական հարվածների շարունակությունը կարող է խաթարել ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք արդեն մեկ անգամ հետաձգվել են, ըստ տեղեկությունների՝ Իրանի կողմից, Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների պատճառով։ ԱՄՆ և Իրանի նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրով հրադադար է նախատեսվում նաև Լիբանանում։