Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարվածից Լիբանանում առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը: Իսրայելի պնդմամբ՝ սա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:
Իսրայելը և «Հեզբոլա»-ն երեկ էին համաձայնել հրադադար հաստատել, ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել էին Իրանի օգնությամբ։
Մինչ այդ հետաձգվել էին Իրան-ԱՄՆ բանակցությունները, որ նախատեսված էին երեկ՝ Շվեյցարիայում: Սպիտակ տնից պարզաբանել էին, թե Շվեյցարիա ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Մինչդեռ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանն էր հետաձգել իր պատվիրակության այցը՝ Լիբանանում Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով:
Մարտի սկզբից, ըստ պաշտոնական աղբյուրների, Լիբանանում իսրայելական հարվածներից 3 հազար 912 մարդ է զոհվել: