ԱՄՆ-ն պետք է ճնշում բանեցնի Իսրայելի վրա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Ֆրանսիական Franceinfo հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժան-Նոել Բարոն ասել է, որ Ֆրանսիան դեռ աշխատում է միջազգային համաժողով անցկացնելու ուղղությամբ՝ լիբանանյան բանակին աջակցություն ցուցաբերելու համար։
Բարոն նաև ասել է, որ Ֆրանսիան հավանություն չի տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացմանը, եթե չհամոզվի, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները համապատասխանում են իր սպասումներին։ «Մեզ անհրաժեշտ է Իրանի կողմից դիրքորոշման արմատական փոփոխություն»,- ասել է նա։
Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեղարկվեցին՝ ըստ Վաշինգտոնի՝ «լոգիստիկ», իսկ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Լիբանանում Իսրայելի բանակի ռազմական գործողությունների շարունակվելու պատճառով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքը Լիբանանում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության կարիքները։