Մատչելիության հղումներ

110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել է

Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներն ու միջնորդ Պակիստանի վարչապետը հեռակա կարգով ստորագրել են շրջանակային համաձայնագիրը, որը դադարեցնում է հազարավոր կյանքեր խլած և աշխարհին միլիարդավոր դոլարների վնաս պատճառած 110-օրյա պատերազմը:

«Սա հեշտ չի եղել: Վստահեցնում եմ ձեզ»,- Վերսալի պալատում փաստաթուղթը ստորագրելիս ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի նախագահը հրապարակել է հուշագիրը՝ նշելով, որ այն «պատմական փաստաթուղթ է, ուղերձ հզոր Իրանից» և «արտացոլում է ազգի ձայնը, որը չի փոխանակել իր արժանապատվությունն ու անկախությունը որևէ սպառնալիքի կամ ճնշման հետ»։ «Այսօր արձանագրվածը ազգային դիմադրողականության, քաղաքական ռացիոնալության և պատասխանատու դիվանագիտության արդյունք էր»,- սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ խաղաղությունը կիրականացվի փոխադարձ հարգանքի ներքո:

Շվեյցարիան հաստատել է, որ միջնորդներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն բանակցություններ վաղը Բուրգենշտոկ հանգստավայրում։ Թեհրանն էլ հայտարարել է, որ բանակցությունների նոր փուլի հարցը «դեռ քննարկվում է»: Դիվանագիտական աղբյուրները ևս Al Jazeera-ին ասել են՝ Շվեյցարիա մեկնելու վերջնական որոշում դեռ չկա:

Ի՞նչ է ենթադրում 14 կետից բաղկացած հուշագիրը

Դրանով պատերազմն անհապաղ դադարեցվում է, այդ թվում՝ Լիբանանում: Կողմերը պարտավորվում են հաջորդ 60 օրում բանակցել՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Ըստ հուշագրի՝ ԱՄՆ-ն 30 օրում վերացնում է Իրանի ծովային շրջափակումը, Իրանն էլ վերաբացում է Հորմուզը և բանակցությունների ընթացքում գումար չի գանձում նեղուցով անցնելու համար: ԱՄՆ-ն տարածաշրջանի գործընկերների հետ ստեղծում է 300 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ Իրանի վերակառուցման և զարգացման համար, ապասառեցնում է իրանական սառեցված ակտիվները, հանում բոլոր պատժամիջոցները, Իրանն էլ պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ միջուկային ծրագրի հարցն այս փուլում չի քննարկվելու:

«Ինչպես հիշում եք, հենց սկզբից մենք շեշտել ենք, որ այս փուլում չենք քննարկելու միջուկային հարցը։ Համաձայնեցված էր, որ մեր ուշադրության կենտրոնում կլինի պատերազմն ավարտելը, և մենք կատարեցինք այդ առաջադրանքը»,- ասել է Էսմայիլ Բաղային։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի վստահում Վաշինգտոնին և մատը ձգանի վրա է պահում: «Եվ եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին»,- Fars հեռուստաալիքին ասել է նա։

Խորհրդարանի խոսնակը պնդել է՝ Իրանն ինքնիշխան իրավունք ունի Հորմուզի նկատմամբ: Նախկինում Թեհրանը պնդում էր, որ նեղուցով անցնելու համար վճար կգանձի: Ղալիբաֆն ասել է, որ բանակցություններից հետո նեղուցով անցնելու սպասարկման գումար կգանձեն: Ըստ նրա՝ բանակցությունների արդյունքում Իրանն ստացել է այն, ինչ ցանկանում էր:

«Տեսեք, այն ամենը, ինչ մենք ուզում էինք ստանալ ռազմական գործողությունների միջոցով, մենք դրանից մի քանի անգամ ավելին ստացանք բանակցությունների միջոցով»,- նշել է Ղալիբաֆը։

Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, թե Հորմուզով նավերի անցումը դեռ պետք է համակարգվի իրանական նավատորմի հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ սպառանացել է՝ ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական գործողությունները և կվերականգնի Իրանի ծովային շրջափակումը, եթե Թեհրանը չկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները:

«Այստեղ զիջումներ չկան։ Այստեղ վստահություն չկա։ Այս ամենը փորձություն է ... Նախագահը պատրաստ է ջախջախիչ հարված հասցնել, նման այն ամենին, որ արդեն արել ենք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Դոնալդ Թրամփն էլ պաշտպանել է հուշագրի ստորագրում և հակադարձել քննադատությանը, թե Իրանի հարցում բավական կոշտ չի եղել: «Հաշվի առնելով, որ ֆոնդային բորսան հասել է իր ռեկորդային բարձրակետին, իսկ նավթի գներն անկում են ապրում՝ այն ապուշները, որոնք կարծում են, թե ես բավականաչափ խիստ չեմ եղել Իրանի նկատմամբ, նրանք կա՛մ նախանձ են, կա՛մ վատ մարդիկ, կա՛մ էլ հիմար»,- սոցցանցում գրել է նա:

Համաձայնագրի ստորագրման լուրի ֆոնին նավթի գները շարունակում են նվազել, Brent տեսակի գինն իջել է մինչև 74 դոլար: Առնվազն չորս լցանավ է այսօր անցել Հորմուզով, որտեղով տարանցվում է նավթի համաշխարհային մատարարումների մոտ 20 տոկոսը:

Չնայած ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելի բանակը շարունակում է հարվածները երկրի հարավին: Կա առնվազն չորս զոհ, մի քանի վիրավոր: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է՝ եթե իսրայելական զորքը շարունակի մնալ Լիբանանում, դա համաձայնագրի խախտում կհամարվի:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG