Մատչելիության հղումներ

Հայաստանը վտանգում է կորցնել բոլոր օգուտները ԵԱՏՄ շրջանակում. Լավրով

Երևան - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ-ում, 21 մայիսի, 2025թ.
Երևան - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ-ում, 21 մայիսի, 2025թ.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը ԱՊՀ այլ երկրների օրինակով փորձում է Հայաստանը իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։

Լավրովի խոսքով՝ նախագահ Պուտինը ապրիլին Կրեմլում բաց զրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ խնդիրների մասին. - «Նա անկեղծորեն ասել է, որ մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց նաև պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը, ինչպես դա բազմիցս հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, կանգնի Եվրոպական միությանն անդամակցելու ուղու վրա։ Այնտեղ պարզապես միմյանց բացառող պարտավորություններ են, ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ բաներ։ Այդ մասին խոսել է նաև Եվրասիական տնտեսական միությունը համակարգող՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Սա մեր դաշնակցային պարտականությունն է՝ բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում, և ինչով է Եվրասիական տնտեսական միությունը տարբերվում Եվրոպական միությունից»։

Լավրովը նաև հավելել է, թե Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել. - «Դա, իհարկե, ցավալի է, քանի որ լավ հնարավորություն կլիներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք այժմ մնացել են օդում կախված»:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։

«Իհարկե, ինչպես բազմաթիվ անգամներ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնմամբ կմոտենանք յուրաքանչյուր ընտրության, որ կկատարի հայ ժողովուրդը», նշել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նաև հայտարարել է. «Հայաստանում խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։ Հայաստանում նույնպես դա շատ լավ գիտակցում են... Ինչ-որ փուլում նրանք ստիպված են լինելու այդ ընտրությունը կատարել, եթե որոշեն, որ պետք է անեն այդ ընտրությունը»,- ընդգծել է Ալեքսեյ Օվերչուկը։


Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել էր, թե հունիսի 7-ի ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն։ «Հայաստանը որդեգրել է բալանսավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա»։

«Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն այսօր կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը», նշել էր նա։


XS
SM
MD
LG