Եվրամիությունը նպատակ ունի Հայաստանը «կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից», ռուսաստանյան "Известия"-ին ասել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից։
«Մենք բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ «Գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» և «ժողովրդավարությանը սատարելու» գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ՝ հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում», - պնդել են գերատեսչությունում։
Ռուս դիվանագետները հավելել են, թե Երևանը շարունակում է մնալ Մոսկվայի դաշնակիցը, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը, չնայած Երևանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
«Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք, ըստ էության, հակասում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին և առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։ Ակնկալում ենք, որ Երևանը թույլ չի տա ԵՄ ներկայացուցիչներին օգտագործել մեր հայ դաշնակիցների հետաքրքրվածությունը արտաքին տնտեսական կապերի ընդլայնման հարցում՝ վնաս հասցնելու արդեն ձևավորված քաղաքական, պատմական, հումանիտար և տնտեսական կապերին»,- եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոսկվայի այս հայտարարությունը հնչում է Երևանում այս շաբաթվա սկզբին անցկացված եվրոպական երկու գագաթնաժողովներից հետո, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել չորս տասնյակից ավելի եվրոպացի առաջնորդներ:
Պաշտոնական Երևանը հավաստիացնում է, որ վարում է հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականություն, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են կառուցողական մնալ:
Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է անդամակցության հայտ ուղարկել, թե ոչ. միջոցառման հրապարակային մասի ելույթում նա միայն կրկնեց իր ավելի վաղ արած հայտարարությունները՝ փոքր-ինչ ձևափոխելով.
«Մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ և լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու և հետևաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանեցնել, համապատասխանել Եվրոպական Միության ստանդարտներին, իհարկե, Եվրոպական Միության մեր գործընկերի աջակցությամբ...Եթե մեզ կընդունեն Եվրոպական Միության անդամ մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական Միության անդամ բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի Եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով»: