Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:
«Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - հայտարարել է Պուտինը:
«Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնելու: Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ: Ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, այնպես ինչպես մյուս անդամները: Քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել չենք պատրաստվում էդպիսի հարց դնել, կանենք հանրաքվե, երբ դրա անհրաժեշտությունը լինի», - հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ «մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին»:
«Շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով ու շարունակելու ենք խորացնել զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում, - նշեց վարչապետը և հավելեց, - իհարկե, մենք նաև Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու և ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու՝ այն է՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ճանապարհով ենք ընթանալու»:
«Չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին արձագանքեմ». Փաշինյանը՝ Զելենսկու հայտարարության մասին
Անդրադառնալով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արած հայտարարության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «ԵՔՀ գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է անցկացման վայրը կապ չունի, և այդ միջոցառումը ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է, ես չեմ կարծում, թե ես հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի և հյուրընկալվող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ»:
Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվայից կոշտ հայտարարություններ հնչեցին: Նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, ինչպես նաև պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, մասնավորապես, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»:
Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ դա բազմակողմ հարթակ է, մարդիկ էլ արտահայտվում են. «Եղել է, որ իմ ներկայությամբ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին: Ես պատեհ չեմ համարում և Հայաստանի Հանրապետությունն էլ Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, ԵԱՏՄ անդամ երկիր է, ԱՊՀ անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մ ենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել»:
Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 28-29-ինՂազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Վարչապետը դա բացատրեց քարոզարշավով: Նրան նիստում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Նախորդ օրը զանգահարել եմ Ղազախստանի նախագահին և տեղեկացրել, որ ես չեմ կարողանալու մասնակցել, որովհետև արձակուրդում եմ և փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը», - հայտնեց նա: