Մատչելիության հղումներ

Փաշինյանը չհստակեցրեց՝ պատրաստվում է Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել

Հայաստանի վարչապետն այսօր կրկին չհստակեցրեց՝ պատրաստվում է Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել, թե ոչ։ Ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովում՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերաձևակերպեց Եվրախորհրդարանում հնչեցրած միտքը, թե Հայաստանը պատրաստ է մոտ լինել Բրյուսելին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։

«Եթե մեզ ընդունեն Եվրամիությունում, կլինենք ուրախ ու երջանիկ, եթե՝ ոչ, կլինենք շահած դիրքերում, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր», - ասաց Փաշինյանը:

ԵՄ առաջնորդներն իրենց հերթին ընդգծում են, որ առանց պաշտոնական հայտ ներկայացնելու, այս հայտարարությունների հիման վրա միայն իրենք չեն կարող անդամակցության հեռանկարը քննարկել:

Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը պատմական որակեց:

«Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ», - հայտարարեց նա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և ձեր երկրի համար ավելի լավ ապագայի», - հայտարարեց Կոշտան։

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծեց՝ կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է. «Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղության և նորմալացման գործընթացին»:

Անտոնիու Կոշտան նշեց՝ Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. «ԵՄ-ը Հայաստանի և ավեի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում, ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել, հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում»:

«Հայաստանը եվրոպական ընդարձակ ընտանիքի արժեքավոր անդամ է». Լայեն

Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարեց՝ Հայաստանը եվրոպական ընդարձակ ընտանիքի արժեքավոր անդամ է:

Խոսելով տրանսպորտային հաղորդակցությունների ծրագրերի մասին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասաց, որ շատ քիչ երկրներ այնպիսի եղակի դիրքավորվածություն, ինչպես Հայաստանը. «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովսակի հետ, Կենտրոնական Ասիայի՝ վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի»:

«Մենք արդեն պատրաստ ենք աշխատել՝ սահմանակետերը վերակառուցելու, երբ հարևան երկրների հետ սահմանահատումները բացվեն», - ընդգծեց Լայենը:

«Մենք խրախուսում ենք եվրոպական երկրների ներդումներ կատարել Հայաստանում», - ասաց նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը գոհունակությամբ խոսեց նաև վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացի մասին, ժամկետներ, սակայն, չնշեց։








Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG