Ընտրություններում թե՛ իշխանության, թե՛ առանցքային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանն, ըստ ամենայնի, առաջիկա տարիներին չի լքի Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը կամ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնի:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նման խոստում չի տալիս, վարչապետ Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրում միայն նշվում է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի սառեցված անդամակցությունն ակտիվացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Իսկ Եվրամիության մասով «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում է հարցին անդրադառնալ՝ նկատի ունենալով` արդյո՞ք դաշինքը պատրաստ կլինի ընդունել Հայաստանին։ Մինչդեռ հիմա Երևանը այլ՝ Եվրասիական միության անդամ է, որտեղից ամենօրյա ռեժիմով Փաշինյանին զգուշացնում են եվրոպական ճանապարհին տնտեսական հետևանքների մասին:
«Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը, նաև, թափանցիկ կերպով ընդ որում, էս քաղաքականությունները ամբողջը հրապարակային են, դրանց տակ որևէ դավադրություն չկա թաքնված, մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն», - ասում է Նիկոլ Փաշինյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ծրագրում գրում է թե՛ Եվրասիական միությունում, թե՛ ՀԱՊԿ-ում դիրքերն ամրացնելու մասին: Նա օրերս քննադատում էր Եվրամիության անդամ Ֆրանսիայի նախագահի այցը՝ այն անարդյունք գնահատելով: Ինչ մնում է Մոսկվային՝ «Ռուսաստանի իշխանություններին անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ՝ անտեղի քննադատեմ մարդկանց», - հայտարարում էր Կարապետյանը:
Լրագրողի հարցին՝ «որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի՞ քննադատություն է», «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն արձագանքել է. - «Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ի՞նչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ի՞ն»:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով, նա ընտրողներին անընդհատ զգուշացնում է, հիշեցնում Պուտինի խոսքերը, որ Երևանի եվրոպական հավակնությունները կարող են վատ ավարտվել:
«Մի օր ր համբերությունից դուրս գա ու բան անի, ասի՝ «գնացեք ԵԱՏՄ-ից», ես չգիտեմ ինչ ենք անելու», - մասնավորապես նշել է երկրորդ նախագահը:
Ծրագրում «Հայաստան» դաշինքը փոխլրացնող արտաքին քաղաքականության մասին է խոսում, ինչը, մանրամասնում է դաշինքի պատգամավորության թեկնածու, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, չի նշանակում դուրս գալ ՀԱՊԿ-ից. - «Մենք դա չենք անելու: Ավելի լավ տարբերակ երբ ունենանք, կարող ենք քննարկել, փակ չենք որևէ առաջարկի և քննարկումների համար, բայց մեր անվտանգությունը հարցականի տակ դնել այլ ուժային կենտրոնի շահերի համար՝ չենք անելու»:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ Հայաստանի տնտեսական ապագան Ռուսաստանի հետ է տեսնում:
«Գազը դառավ Եվրոպայի գնին՝ 600-800 դոլար, ի՞նչ ենք անելու: ... Մի հատ Եվրոպան էկավ, օդի մեջ... Մակրոնը էսօր կա, վաղը չկա», - երեկ ասում էր ԲՀԿ առաջնորդը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Եվրամիությանն անդամակցելու խոսակցություններն անգամ անիմաստ է համարում:
«Եվրամիությունը չունի Հայաստանի անդամակցության ծրագրեր, ընդլայնման օրակարգում նման բան չկա, մեզ անգամ չի տրված՝ ի տարբերություն 9 երկրի, միանալու գործընթացի կարգավիճակ, այսինքն՝ ոչ մի պրոցես գոյություն չունի», - ընդգծում է Զուրաբյանը:
Կոնգրեսում նաև ծրագրեր չունեն լքել Ռուսաստանի առաջնորդած տնտեսական ու ռազմական դաշինքները՝ Եվրասիական միությունն ու ՀԱՊԿ-ը:
«Հիմա մենք ոչ մի քայլ չպիտի անենք, որը կարող է մեզ դիրքավորել որպես ինչ-որ մի բլոկի մեջ մտնելու քայլ», - պնդում է Լևոն Զուրաբյանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս չի կարծում, թե հիմա Եվրոպական միությանն անդամակցելու ժամանակն է: Նրա գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության ծրագրում ինտեգրացիոն դաշինքների մասին չի հիշատակվում:
«Պետք է լինենք իրատեսական, Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի համար հիմա իրատեսական չէ: Մենք դրա համար, ասեցի, որ զարգացնելու ենք անհատապես հարաբերությունները եվրոպական երկրների հետ, նաև առանձին ծրագրերով՝ Եվրամիության հետ», - ասում է Թաթոյանը:
Միաժամանակ, քիչ չեն նաև ընտրապայքար մտած ուժերը, որոնք Հայաստանը տեսնում են Արևմուտքում՝ ՆԱՏՕ-ում, Եվրոպական միությունում, խոստանում են օր առաջ լքել ռուսական դաշինքները: