Մատչելիության հղումներ

Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ շենքը, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ շենքը, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր»։

«Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների Հայաստանի համար», - հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Մոսկվայի հերթական սպառնալիքը հնչել է Եվրոպական համայնքի մասնակցությամբ այս շաբաթ Հայաստանում անցկացված երկու գագաթնաժողովներից հետո, որոնց մասնակցելու համար Երևան էին եկել եվրոպական ավելի քան 40 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զախարովան այսօր նաև ակնարկել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ փակ բանակցությունների բովանդակության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ում արձանագրություններ կան։

«Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ եկած հայկական պատվիրակությունը զրույցի ձայնագրություն էր վարում։ Գուցե նրանք պատմեն, թե ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում», - նշել է Զախարովան՝ առանց հավելյալ մանրամասների։


XS
SM
MD
LG